Կաթոցիչը վերցրել եմ, որովհետև մտածել եմ` լիքն է, որ երեխայի ձեռք չընկնի․ Ավանի փոխթաղապետ

Կաթոցիչը վերցրել եմ, որովհետև մտածել եմ` լիքն է, որ երեխայի ձեռք չընկնի․ Ավանի փոխթաղապետ

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի գրպանում ոստիկանները օրեր առաջ հայտնաբերել են օգտագործված կաթոցիչ։ MediaHub.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեպքին` Պողոսյանը նշեց․

«Դեպքի նախորդ երեկոյան ես զբոսնում էի Նոր Նորքի երկրորդ զանգվածի այգում, տեսա, մտածեցի` լիքն է, դրա համար վերցրեցի, որ մի երեխու ձեռք չընկնի, երեխա ասելով` նկատի չունեմ 5 տարեկան, վերցրեցի ու մնաց մոտս։ Իմ շրջապատից որ հարցնեք, շատ է լինում, որ սիգարետն անգամ ծխում վերջացնում եմ, եթե մոտակայքում աղբաման չի լինում, դնում եմ գրպանս։ Ու ոստիկանության ուժեղացված հերթական ստուգումն էր մի քանի օր առաջ, ինձ կանգնացրել են, ոչ թե հայտնաբերել են, այլ ես եմ հանել իմ գրպանից, տվել։ Գնացել ենք ոստիկանության բաժանմունք, բացատրագիրը գրել եմ, վերջացրել, հետ եմ եկել։ Ամենաողջունելին այն է, որ ոստիկաններն իմ անձը, իմ պաշտոնը իմանալով` առանց կաշկանդվածության ինձ տարել են ոստիկանության բաժանմունք ու կազմվել է արձանագրություն»։

Հարցին՝ ստուգվե՞լ է իր սթափությունը, կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացվե՞լ է՝ Պողոսյանը պատասխանեց․

«Չէ, ինչո՞ւ պիտի ստուգեին, ես եղել եմ սթափ վիճակում, երբևէ չեմ օգտագործել թմրամիջոց»։

Նա նշեց, որ ոստիկանությունում այս դեպքով հարուցված գործ կա, սակայն բացատրագիր գրելուց հետո ինքը դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Երևանի քաղաքապետի կամ Ավան վարչական շրջանի ղեկավարի հետ հարցի վերաբերյալ քննարկում եղե՞լ է՝ նշեց․

«Ես իմ հերթական արձակուրդում եմ եղել այդ ընթացքում, այսօր առավոտյան եմ հանդիպել պարոն Դանիելյանին և անցել եմ աշխատանքի»։

Նրա խոսքով իր հետ եղած անձը՝ Սեյրան Սարգսյանը, պատահական անձ չի եղել, սակայն վարչական շրջանի աշխատակից չէ, իսկ թեման բարձրաձայնելն ու նման աղմուկ բարձրանալը կապում է իր անձի հետ․

«Գործ ունենք պատվերի հետ, այլապես անտրամաբանական եմ համարում դեպքից օրեր անց միայն թեմային անդրադառնալը»։