ՔՊ-ականները Բաքվի ուլտիմատումները կառուցողական են որակում 

ՔՊ-ականները Բաքվի ուլտիմատումները կառուցողական են որակում 

Հայ-ադրբեջանական հանձնաժողովի առաջին հանդիպումը կառուցողական է եղել: Այդ մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի ՀՀ-ի նկատմամբ՝ Սյունիքի, Գեղարքունիքի, անգամ մայրաքաղաք Երևանի՝ ինչն է դրդում Գնել Սանոսյանին՝ նախկին մարզպետին, ով չունի արտաքին քաղաքական, դիվանագիտական որևէ փորձառություն, որակել հայ-ադրբեջանական հանդիպումը կառուցողական, բարդ է ասել: ՔՊ-ականներին հասկանալու համար պետք է ունենալ ուղեղի հատուկ կառուցվածք կամ յուրահատուկ հումոր, ինչպես Հովիկ Աղազարյանը:

Ադրբեջանը պատրաստվում է գրավել Հայաստանն ու Արցախը՝ կտրել Սյունիքն ու միանալ Նախիջևանի հետ՝ դա անելով կամ ռազմական միջոցներով, կամ՝ բանակցություններով: ՔՊ-ականները չեն փորձում վերազինել, վերականգնել բանակն ու «խաղաղության դարաշրջան» են քարոզում, ինչը նշանակում է, որ ՔՊ-ն պատրաստ է կատարել Բաքվի առաջ քաշած բոլոր կետերը:

Եթե ՔՊ-ականները Բաքվի առավելապաշտական դիրքորոշումը թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի, թե Արցախին որևէ կարգավիճակ չտալու հետ կապված, որակում են, որպես կառուցողական բանակցություններ, ապա ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, թե ինչ ապագա է սպասվում իրենց, եթե ՀՀ գործող իշխանությունները մնան աթոռներին գամված:

Ընդդիմությունը պետք է հանրային լայն շերտերին մոբիլիզացնի՝ բացատրի, թե ինչ է սպասվելու հայ ժողովրդին մոտակա ամիսներին, եթե Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը մնան իշխանության: ՔՊ-ականների տնտեսական վիճակը բարգավաճելու է, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով շարունակեն արտագաղթել:

Վահրամ Բագրատյան