Պատահականությո՞ւն, թե՞ միջէթնիկ կոնֆլիկտ. ի՞նչ է կատարվել Ստամբուլում

Հունվարի 22-ին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ստամբուլի (Պոլիս) Բաքըրգյուղի թաղամասում գտնվող Տատյան հայկական մասնավոր վարժարանի վրա զինված հարձակում է գրանցվել։ Անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել վարժարանի և հայկական եկեղեցու հարակից տարածքում։
Պոլսի հայկական համայնքի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Նաիրա Մկրտչյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ հայկական վարժարանը վաղուց այդ շենքում չէր գործում։ Եկեղեցու թաղային խորհուրդն այդ շենքը հանձնել էր վարձակալության, որտեղ գործում էր «Էօզէլ քատրօ» թուրքական դպրոց, իսկ «Տատյան» վարժարանն իր գործունեությունը ծավալում է նոր շենքային պայմաններում։
«Կրակոցները մտահոգություն է սստեղծել հայկական համայնքի ներսում․ արդյո՞ք դիտավորություն էր այս ամենը՝ հայերի նկատմամբ և կրակի թիրախ էին ընտրել հայապատկան կառույցը, թե՞ ոչ։ Բաքըրգյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղային խորհուրդի ատենապետուհի Մարի Եանճը նույնիսկ այս մասով հաղորդագրություն է տարածել՝ ցրելով բոլոր մտահոգությունները»,- նշեց Նաիրա Մկրտչյանը։
Ըստ այդ հաղորդագրության՝ Թուրքիայի ոստիկանությունը դեպքը լսելու առաջին վայրկյաններից ուսումնասիրել է բոլոր տեսագրություններն ու քննությամբ պարզել, որ գինովցած մարդիկ կրակել են այդ տարածքում, իսկ փամփուշտներից մեկը դիպչել է հայապատկան կրթօջախի պատուհանին, ջարդել ապակիները։ Փամփուշտի հետքեր են նկատվել դպրոցի պատի վրա։ Ոստիկանության կողմից կատարված խուզարկության արդյունքում ապօրինի ատրճանակ և 14 պարկուճ է գտնվել։
Նաիրա Կմրտչյանի խոսքով՝ միջադեպը պատահականության հետևանք է և ամենևին միջէթնիկ կոնֆլիկտ չէ։
Հունան Թադևոսյան