Փաշինյանը կրկնում է Բաքվում մերժված թեզերը 

Փաշինյանը կրկնում է Բաքվում մերժված թեզերը 

Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձ է եղել նաև հայ- ադրբեջանական հարաբերություններին:

«Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այստեղ բանալի արտահայտությունն «անշրջելի երաշխիքներ»-ն են. փաստացի Փաշինյանն ակնարկում է, որ պատրաստ է Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունել՝ Ալիևի ասած «ռևանշիզմը» բացառելու տրամաբանությամբ, իսկ սրա ճանապարհն Անկախության հռչակագիրը փոխելն է կամ դրա ու նոր Սահմանադրության ինստիտուցիոնալ կապը բացառելը:

Իհարկե, եթե Փաշինյանը գնար քաղաքական պատասխանատվությունն ընդունելու ճանապարհով, ապա պետության հիմքերը խարխլելու փոխարեն խորհրդարանով կչեղարկեր 1989թ-ի միավորման որոշումը: Բայց դա Փաշինյանի համար չէ, որն ամեն ինչ անում է Արցախի կործանման պատասխանատվությունից խուսափելու համար, այդ ճանապարհին, իհարկե, հարվածի տակ դնելով Երրորդ հանրապետության գոյությունը:

Երեկ Փաշինյանը մեծ փութաջանությամբ կրկնել է բոլոր այն առաջարկությունները, որոնք արդեն քանիցս մերժվել են Բաքվի կողմից:

«Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- ասել է Փաշինյանը:

Զարմանալի տրամաբանություն է. Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հրաժարվում է, որովհետև նոր պատերազմի ցանկություն ունի, այդ դեպքում ինչո՞ւ պետք է ստորագրվի չհարձակման մասին պայմանագիր:

Այս պարադոքսի պատասխանը, թերևս, միայն Փաշինյանին է հայտնի:

Վահրամ Բագրատյան