Երեխաներիս դաստիարակելու եմ այնպես, որ նրանք իմանան՝ կա՛ կորսված հայրենիք, կա՛ Արցախ

Երեխաներիս դաստիարակելու եմ այնպես, որ նրանք իմանան՝ կա՛ կորսված հայրենիք, կա՛ Արցախ

«Արցախում դեռ առաջին պատերազմից ընդունված կարգ էր կարծես՝ կրակի տակ ծնված աղջիկ երեխաներին Հրածին անունն էին տալիս։ Երբ ծնվեց մեր 2-րդ աղջիկը, ես ու Շանթն իրար նայեցինք ու միասին ասացինք` «Հուրի», որը Հրածին անվան կարճ տարբերակն էր․ հուր, կայծ, կրակ»,- MediaHub-ին պատմում է Մարինե Չարշաֆճյանը։ 

2020 թվականը ամերիկաբնակ Շանթի ու կնոջ՝ Մարիների համար ճակատագրական եղավ։ 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախը փորձում էր ուղղել մեջքը, հարմարվել հայրենիքի մի զգալի հատվածի ու մարդկային կյանքերի կորստին, ամուսինները որոշեցին հայրենակիցների կողքին լինել։ Թեպետ մինչ այդ նրանք տարբեր ժամանակահատվածում, տարբեր ծրագրերով եղել էին Արցախում։ Սկզբնական շրջանում Ստեփանակերտում հաստատված Չարշաֆճյանները հաճախ էին այցելում Մարտունի՝ զոհված հերոսների ընտանիքներին։

«Ամեն անգամ նորովի էինք բացահայտում այդ փոքր քաղաքը։ Սիրահարվեցինք Մարտունուն, Մարտունին էլ մեզ սիրեց։ Ու այնտեղ ապրելու որոշում կայացրինք։ Ուզում էինք, որ մեր առաջնեկն այնտեղ ծնվեր, բայց որոշ թղթաբանական խնդիրների պատճառով Մարալը Երևանում ծնվեց»,- պատմում է երիտասարդ մայրը։ 

Մարինեի խոսքով՝ Արցախում բնակություն հաստատելու համար հեշտ ժամանակաշրջան չէր, առավել ևս Մարտունիում, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ամենաշատն էր տուժել։ Սակայն, կարճ ժամանակում քաղաքը ոտքի է կանգնել։ Շանթն ու Մարինեն, մարտունեցիների հետ կիսելով դժվարությունները, ապրել են սահմանին մոտ, ԱՄՆ-ից հետո նոր միջավայրին համակերպվել են արագ։

«Մեր նոր հասցեում, մեզ օտար չէինք զգում։ Մեր տնից «Կոհակի» բարձունքն էր երևում։ Հաճախ էինք Մարալիկի հետ դիրքեր բարձրանում, ես նույնիսկ հղի վիճակում եմ գնացել, որովհետև ուզում էի կանգնել այնտեղ, որտեղից սկսվում է մեր հայրենիքը, և հետո զինվորների կողքին ավելի մեծ ապահովություն էի զգում, չնայած Արցախի փխրուն խաղաղությանը։ Պատերազմի վտանգ միշտ կար, մանավանդ, որ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, ավելի ուշ պաշարվեց, բայց ես հավատում էի մեր բանակին ու զինվորներին։ Անկախ ստեղծված իրավիճակից այդ հավատն այսօր էլ ունեմ»,- նշում է երիտասարդ կինը։ 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում նորից պատերազմ էր, դա այն ժամանակահատվածն էր, երբ Շանթն ու Մարինեն 2-րդ դստերը պետք է ունենային։

«Երբ սկսվեց հրթիռակոծությունը շշմել էի, երբեք չէի մտածել լայնամասշտաբ պատերազմի մասին, ու առաջին անգամ ոչ միայն լսում եմ պատերազմի ձայնը, այլև ականատես եմ լինում: Շանթը տանը չէր, զանգեց ասաց, որ ապաստարան գնամ։ Երեխայի հետ իջել ենք նկուղ։ Սարսափելի էին ձայները։ Գիշերն ապահով չէր, բայց այդ օրը մնացինք այնտեղ։ Երևի հենց այդ սարսափելի վիճակից էլ սկսվեցին ծննդաբերական ցավերս։ Մի կերպ կապ հաստատեցի հրաշք բժշկուհուս՝ Գոհար Տոնյանի հետ, ու գնացինք ծննդատուն»։

Մարինեն այսօրվա պես հիշում է տեսարանները. կյանքի համար հավասար կռիվ էին տալիս և՛ վիրավորում ստացած զինծառայողները, և՛ քաղաքացիական անձինք, մյուս կողմում հրաշքներ էին գործում բուժաշխատողները։ 

«Ամբողջ ընդունարանն արյան մեջ էր, իսկ կրակը չէր դադարում։ Բժկուհիս ու իր գործընկերները հանգիստ ու քուն չունեին, ամեն ինչ անում էին, որ հղիներն ու ծննդկանները իրենց վիճակից բացի ոչնչի մասին չմտածեին։ Առավոտյան ժամը 11:40-ին լույս աշխարհ եկավ աղջիկս։ Ես ու Շանթը նրան կոչենցինք Հուրի»։ 

Չարշաֆճյաններն Արցախի հայաթափումից հետո ապաստանել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Մեր զրուցակիցն ասում է՝ արժանապատիվ վերադարձի դեպքում իրենց ընտանիքը նորից կհաստատվի Արցախում։ 

«Մենք շատ սիրեցինք Արցախը։ Ու քանի դեռ այնտեղ ապրելու հնարավորություն առայժմ չկա, որպես մամա իմ պարտքն եմ համարում երեխաներիս դաստիարակել այնպես, որ նրանք իմանան՝ կա՛ կորսված հայրենիք, կա՛ Արցախ, որը վաղ թե ուշ նորից պիտի վերադարձնենք»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան