Հունգարիան ուզում է հյուպատոսություն ստեղծել Երևանում

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն քրիստոնեական հավատքն ընդգծել է որպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հիմք։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 27-ին Երեւանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

«Այսօր համաշխարհային անվտանգությունը` Սառը պատերազմի ավարտից հետո, գտնվում է ամենավատթարագույն վիճակում: Դժբախտաբար, կովկասյան տարածաշրջանում նույնպես անկայունությունն ու մարտական ռազմական բախումները հանգեցնում են նրան, որ հարյուր հազարավոր մարդիկ տառապում են տասնամյակներ շարունակ։ Մենք կողմ ենք խաղաղությանը և խաղաղ կարգավորմանը այստեղ, մանավանդ, որ կովկասյան տարածաշրջանը կարևոր է Եվրոպայի համար։ Մի կողմից, դուք հանդիսանում եք հարևաններ Եվրոպային և կարող եք մեզ օգնել շատ կարևոր եվրոպական խնդիր լուծելու հարցում՝ Եվրոպան նոր էներգիայի աղբյուրների կարիք ունի»,- ասել է Սիյարտոն։

Նախարարը թվարկել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին տրամադրվող օգնությունը։ Նա նաև ասել է, որ որպես հարաբերությունների զարգացում, երկրի իշխանությունները որոշել են Հայաստանից ժամանած ուսանողներին 30 կրթաթոշակային տեղ հատկացնել։

«Մենք կառուցում ենք համագործակցություն, որը կծառայի երկու ազգերի և երկրների շահերին։ Կան ընդհանուր հիմքեր։ Օրինակ՝ քրիստոնեական արմատները։ Հպարտությամբ ասում ենք, որ քրիստոնեությունը 1000 տարուց ավելի մեր պետական կրոնն է, իսկ Հայաստանում՝ ավելի վաղ։ Մենք համեստ ենք ձեր համեմատ: Անշուշտ, հայ եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել կապերի վերականգնման գործում։ Մենք նախկինում էլ փորձել ենք մեր բարի կամքը դրսևորել՝ նպաստելով 2021 թվականին 5 գերիների ազատ արձակմանը»,- հիշեցրել է Սիյարտոն՝ անդրադառնալով Ադրբեջանից գերեվարված հայերի ազատ արձակմանը։

Նա հավաստիացրել է, որ Հունգարիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և Հունգարիայի կապերը զարգանան, և նրանք տրամադրելու են ևս 40 մլն-ի օգնություն ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների ընտանիքներին։ Նաև ասել է, որ ուզում են ստեղծել հունգարական հյուպատոսություն Երևանում և դիմել «Wizz Air» հունգարական ավիափոխադրող ընկերությանը՝ Հայաստանից դեպի 7 երկրի քաղաքներ թռիչքների ցանկում նաև Բուդապեշտն ավելացնելու խնդրանքով։

Մանրամասները՝ տեսանյութում