Հայ ռազմագերիների գնդակահարությունն էլ ավելի է ցույց տալիս, որ մեզ խաղաղություն է պետք․ Մինասյան
Տեսանյութը նոր է, և գործիքակազմեր են կիրառվում՝ դիմելու ՄԻԵԴ և միջազգային արդարադատության դատարան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի ԺՊ Գրիգոր Մինասյանը։
Հարցին, թե արդյոք ինքը վատ չի զգում, որ մաս է կազմում իշխանության, որի օրոք Ջերմուկում հայ զինվոր է գնդակահարվում, Մինասյանը հրաժարվեց պատասխանել։
«Ես իրականացնում եմ արդարադատության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները, և վստահեցնում եմ, որ իշխանությունն ամեն օր՝ 17-18 ժամ ամեն ինչ անում է, որ իրավական գնահատական տրվի այս ամենին։ Մենք ամեն բան անում ենք, որ նման բաները բացառվեն»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք իրավիճակի փոփոխություն կլինի դատապարտող հայտարարություններից հետո, Մինասյանը պատասխանեց՝ ամեն գնով հասնելու են նրան, որ բացի հայտարարությունները, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն ու մեղավորները դատապարտվեն։
«Այս տեսանյութը և վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը պետք է ժողովրդին, բոլորիս է պետք, իսկ այդ տեսանյութը ցույց է տալիս, որ անելիքները շատ են այս ուղղությամբ։
Սա ապացուցում է, որ օր առաջ մեր երկրին խաղաղություն է պետք»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Դիտարկմանը, թե ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների պաշտպան Սիրանուշ Սահակյանն, օրինակ, ասում է, որ տղաներին Ադրբեջանը որպես քաղաքական պատանդ է պահում, և տղաներին ինչ-որ բանի դիմաց են բաց թողնում, Մինասյանն արձագանքեց, որ չի ուզում մեկնաբանել Սահակյանի ասածները։
«Ենթադրություններ են, որ ինչ-որ բանի դիմաց են տղաներին բաց թողնում»,- ասաց նա։ Հակադարձմանը, որ քարտեզների դիմաց տղաներին Հայաստան ուղարկելու դեպք եղել է, Մինասյանը չարձագանքեց։
Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կկախի իր աշխատասենյակում, եթե դառնա արդարադատության նախարար, ինչպես դա արել էր Կարեն Անդրեասյանը, նա ասաց, որ նկարը կախելու որևէ պահանջ չի ստացել։