“Տեսնենք, թե ինչ են մոգոնելու”. իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին

“Տեսնենք, թե ինչ են մոգոնելու”. իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին

MediaHub-ը ամիսներ շարունակ անդրադարձել է հադրութցի Մխիթար Օհանջանյանի դեպքին, ով աշխատանքից վերադառնալիս ձերբակալվել էր: Մխիթարի ու իր բախտակից մեկ տասնյակ ընկերների օրինակը, որոնց այսօր դատում են, ցույց է տալիս, որ  իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին, ովքեր սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ներկա են եղել բողոքի ակցիային: 

Այսօր տեղի ունեցավ Մխիթարի և 10 արցախցու գործով հերթական դատական նիստը, որում սպասվում էր, որ անցյալ դատին չներկայացած ոստիկանները պետք է վկայություն տային։

Սակայն բացի նրանից, որ ոստիկանները ներկա չէին, խոսվում էր տեսանյութի մասին՝ իբրև բոլոր 10 արցախցի երիտասարդների մասնակցությամբ։  

Ի՞նչ որոշեց դատարանը. MediaHub-ը զրուցեց Մխիթարի մոր՝ Լիլիթ Մեսրոպյանի հետ։

«Դատը հետաձգեցին մինչև փետրվարի 6-ը։ Ստույգ փաստեր չունեն, բայց հետաձգեցին։ Ոչ մեկին չազատեցին, անգամ երկու հոգի հայտ էր ներկայացրել, որ գոնե տնային կալանք տան, բայց մերժեցին։ Տեսնենք, թե ինչ կլինի ամսի 6-ին, ինչ են մոգոնում։ Ոստիկանները այդպես էլ չեկան, գրավոր միայն դատախազը ներկայացրեց, թե որ ոստիկանը ժամը քանիսին է գնացել հիվանդանոց։ Տեսանյութի մասին էին խոսում, որտեղ իբրև երեխեքը Կառավարության շենքի դիմաց ոստիկաններին ծեծել են։ Ասացին, որ տեսանյութը ցույց կտան հաջորդ դատի ժամանակ»,- ասաց Մխիթարի մայրը։

Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ: Այդ օրը Կառավարության շենքի մոտ ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բավականին տուժած քաղաքացիներ կային:

Մարիաննա Արամյան