«Ձեր պատճառով մյուսները կտուժեն»․ ցմահ դատապարտյալներին ստիպել են դադարեցնել հացադուլը

«Ձեր պատճառով մյուսները կտուժեն»․ ցմահ դատապարտյալներին ստիպել են դադարեցնել հացադուլը

MediaHub-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է «Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների կողմից հացադուլ հայտարարելու հանգամանքին։ Հիշեցնենք, որ յոթ դատապարտյալներ, որոնք 20 տարուց ավելի անազատության մեջ են, պահանջում են, որ իրենց նկատմամբ կիրառվի բաց կալանքի ռեժիմ՝ ինչպես օրենքն է պահանջում։

Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում, երբ մամուլում հնչեղություն ստացավ թեման, արդարադատության նախարարությունից այցելել են դատապարտյալներին, ՄԻՊ գրասենյակից՝ ևս։

Ու քանի որ հարցն օր օրի ավելի քննարկվող է դառնում, «Սևան» ՔԿՀ-ի ղեկավարությունը ստիպել է ազատազրկված հինգ քաղաքացիներին դադարեցնել հացադուլը։

Հիշեցնենք, որ յոթ դատապարտյալներից երկուսն ավելի վաղ էին դադարեցրել հացադուլը՝ առողջական վիճակից ելնելով։

«Հացադուլ հայտարարածներին լուր են հասցրել, որ եթե չդադարեցնեն հացադուլը, դրա հետևանքներն իրենց մաշկի վրա զգալու են նաև մյուս դատապարտյալները։ Ու մյուսներին չվնասելու համար հինգ ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը»,- պատմեց մեր աղբյուրը։

Նարե Գնունի