Բոլորն այսօր դուրս են եկել հացադուլից. ի՞նչ է կատարվում «Վանաձոր» ՔԿՀ-ում   

Բոլորն այսօր դուրս են եկել հացադուլից. ի՞նչ է կատարվում «Վանաձոր» ՔԿՀ-ում   

Մի քանի օր է, ինչ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող անձինք հացադուլ են հայտարարել: 
Այսօր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ, աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։ 

Ի՞նչ  զարգացումներ կան. MediaHub-ն այս հարցն ուղղեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին։

«Տեղեկացնենք, որ նշված միջադեպի կապակցությամբ հացադուլի մեջ  գտնվող ազատազրկված անձինք չկան, բոլորն այսօր դուրս են եկել հացադուլից»,- նշեց նա:

Նավիկյանի խոսքով, փետրվարի 9-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։ Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր: 

Նա նշեց, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել էին հացադուլ։ 

Լուրեր տարածվեցին, որ այդ ընթացքում որոշ անձինք փորձել են ինքնավնասում անել: Այս կապակցությամբ Նավիկյանը տեղեկացրեց․ «Ազատազրկված անձանց կողմից ինքնասպանության փորձեր չեն իրականացվել։ 3 դատապարտյալ հայտարարել է ինքնավնասում կատարելու մասին, որոնցից երկուսի ինքնավնասման փաստն արձանագրվել է, երրորդ դատապարտյալը հրաժարվել է անցնել բժշկական զննություն՝ ինքնավնասումը փաստելու համար»։

Մարիաննա Արամյան