Ամեն մարդ թող իր գործով զբաղվի, ես ոչ մի հարցի չեմ պատասխանում․ «Մեր ժամանակների հերոս» Սևադա Խոջաբաղյան

Սյունեցի մտավորական, մաթեմատիկոս Սևադա Խոջաբաղյանը, որ նախորդ տարվա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության հաղթող է դարձել, շարունակում է ապրել ու ստեղծագործել Գորիսում։ Մրցանակաբաշխության ժամանակ նրա հնչեցրած խոսքերը բուռն քննադատությունների առարկա էր դարձել հայ հասարակության կողմից։ Մասնավորապես, նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է՝ «վերջապես պետություն ենք դառնում»։
Իսկ հարցազրույցների ժամանակ խոսելով Սյունիքում ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքներից` նշել է, թե «նրանք մտել են այն տարածքներ, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ»։
«Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել։ Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնող` որոշ ծնողների նման, սարքի ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։ Սա այդ «հերոսի» բառերն են:
Ամիսներ են անցել։ MediaHub-ն այսօր կապ հաստատեց Խոջաբաղյանի հետ, ճշտելու՝ արդյո՞ք հաշտ է այն ամենի հետ, ինչ կատարվում է այսօր Հայաստանում։ Հարցրեցինք, որպես մտավորական կո՞ղմ է Մեղրիի երկաթուղիով Արևմտյան Ադրբեջանից Մեղրիով՝ ադրբեջանական Նախիջևան և հակառակ ուղղությամբ, և Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ երկաթգծի բացմանը, ինչպե՞ս է գնահատում Հայոց ցեղասպանության ուրացման քայլերին, Սյունիքում ադրբեջանցիների ներկայությանը, Ադրբեջանում օր օրի գեներացվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին ու «Զանգեզուրի միջանցք»-ին։
«Ճիշտն ասած, ես այս պահին հիվանդ եմ, չեմ կարող ձեր որևէ հարցի պատասխանել։ Քանի օր ա պառկած եմ, ոչ մի բանից տեղյակ չեմ։ Ես միայն իմ գործունեությամբ եմ զբաղվում, տարածում եմ իմ գաղափարները, օրերս Խնածախ գյուղում եմ եղել։ Իմ գործից դուրս ես ոչ մի բանով չեմ զբաղվում, ամեն մարդ թող իր գործով զբաղվի»,- արձագանքեց նա։
Ավելացրեց, թե ինքն իր գործը լավ է կատարում ու օրինակ է ծառայում։ «Դպրոցից զանգում են, ասում՝ «բա ո՞ւր եք, կարոտել ենք, չեք գալիս», այսինքն, ես իմ արժեքն արդեն ստեղծել եմ»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ ինքը ոչ մի մտավորականության անունից հրապարակային հանդես չի գա։
Նշենք, որ Սևադա Խոջաբաղյանը Գորիսում փոքրիկ դպրոց է հիմնել, որտեղ իր իսկ մեթոդներով կրթում է մաթեմատիկայով հետաքրքրված երեխաներին, սովորեցնում ալգորիթմական մտածողություն։ Դա է եղել պատճառը, որ նա արժանացել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության հաղթանակին և մրցանակը ստացել է անձամբ Փաշինյանից:
Հունան Թադևոսյան