Թմրանյութ, զենք զինամթերք են հայտնաբերվել 50-ամյա մի բնակչի մոտ

Թմրանյութ, զենք զինամթերք են հայտնաբերվել 50-ամյա մի բնակչի մոտ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կանեփ աճեցնելու մի քանի դեպք են բացահայտել: Հոկտեմբերի 24-ին օպերատիվ տեղեկությունների հետքերով նրանք մեկնել էին Էջմիածնի 50-ամյա մի բնակչի տուն: Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է կանեփից պատրաստված չոր զանգված, ինչպես նաև զինամթերք ունի: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջը ներկայացնել իրավապահներին: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

 Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդը ներկայացրել է 83 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ բակի տեսանելի վայրում հայտնաբերվել է կանեփանման բույս:

Հաջորդ տեղեկությունը Արշալույս գյուղի 55-ամյա բնակչի տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մասին էր: Նշված հասցե մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ տանը կանեփից պատրաստված չոր զանգված է պահում և պատրաստ է ներկայացնել:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդը իրավապահներին հանձնեց 44,04 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նա հայտնեց, որ զանգվածը թմրանյութ է, իսկ կանեփը ինքն է աճեցրել:

Հոկտեմբերի 26-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին Արաքս գյուղում: 44-ամյա բնակիչը իրավապահներին հայտնել է, որ թմրանյութ ու զինամթերք ունի և պատրաստ է ներկայացնել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդը ներկայացրել է ընդհանուր 184 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ: Հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ պատրաստված իր աճեցրած կանեփից:

Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: