Դրական լուր. բայց հարցերը մնում են 

Դրական լուր. բայց հարցերը մնում են 

Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ «իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ձերբակալվածներն են», մնացած 6-ը ձերբակալվել են սահմանին տարբեր ժամանակահատվածներում, և արդեն իսկ իրենց պատժի մեծ մասը կրել են։ Նրանց թվում չկան Արցախի կալանավորված նախկին պաշտոնյաները։

32 ռազմագերիների վերադարձը, թերևս, հայ- ադրբեջանական համատեղ հայտարարության ամենալուսավոր կետն է, ինչն ուրախացնելու է մեր ողջ հասարակությանը:

Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությունն այս պահին արդեն ողջունել են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Թուրքիան, այնուամենայնիվ, այս փաստաթուղթը հարուցել է նաև խիստ որոշակի մտահոգություններ և հարցեր:

Մտահոգիչ է, որ գերիների վերադարձը տեղի չի ունեցել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, ինչը գործընթացը վերածում է առևտրի, որը շահեկան է Ադրբեջանի համար: Օրինակ, անհասկանալի է մնում, թե այլևս երբ և ինչի դիմաց են հայրենիք վերադառնալու մեր մի քանի տասնյակ ռազմագերիները, մանավանդ, որ Հայաստանն այլևս փոխանակելու բան չունի. Ադրբեջանին է վերադարձվում անգամ ադրբեջանցի այն զինծառայողը, որը դատապարտվել էր սպանության համար:

Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները շրջանցել են Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչը, մի կողմից, հուշում է, որ պաշտոնական Երևանն առանձնապես մտահոգ չէ այդ մարդկանց ճակատագրերով, մյուս կողմից՝ հերթական անգամ ապացուցում է, որ պաշտոնական Երևանը գնում է համաձայնությունների՝ Բաքվի օրակարգով ու պայմաններով: