Կառավարությունը վաճառում է «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը 

«Հեր-Հերի» հիդրոէլեկտրակայանը եւ «Արմենիկում» ՓԲԸ-ն կառավարությունը կվաճառի մասնավորի։ 

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն  այսօր ասաց, որ «Հեր-Հեր» եւ  «Արմենիկում» ՓԲԸ-ների ուղղությամբ իրականացվում են մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ։ 

«Հանձնաժողովին տեղեկացնեմ, որ այս պահին իրականացվում են կազմակերպությունների ֆինանսական եւ գույքային համալիրների ընդհանուր ստուգումներ, կարգավորումներ։ Բավականին մեծաթիվ պարտավորություններ կա, մասնավորապես, «Արմենիկում» ՓԲԸ հաշվեկշռում, որի ուսումնասիրության համար իրականացվել է աուդիտ ու արդյունքներով դիմել ենք նաեւ իրավապահ մարմիններին։ Ունենք հարուցված քրեական գործ, արդյունքում բավականին էականորեն կկարողանանք թեթեւացնել կազմակերպության հաշվեկշիռը մեծ պարտավորություններից եւ մասնավորեցման ներկայացնել ավելի առողջ կազմակերպություն»,-նշեց նա:

Կառավարության որոշմամբ «Արմենիկում» ՓԲԸ–ն ու «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը հետ վերցվեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից ու փոխանցվեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում դրանք օտարելու համար։ Հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված «Հեր-Հեր»-ի մասնավորեցումը եւ արդյո՞ք այն ունի պարտավորություններ,, ինչպես, օրինակ «Արմենիկումը»։ 

«Պետական հաշվեկշռում նմանատիպ կազմակերպությունների առկայությունը, որոնք պետության համար որեւէ խնդիր չեն լուծում, կարծում ենք նպատակահարմար չէ պահել, եւ ցանկալի է նոր ներդրումներ ներգրավվել և կազմակերպությունների արդյունավետությունը բարձրացնել»,– պատասխանեց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում