Թուրքիայի հովանավորությամբ Արցախում ցեղասպանություն էր նաև 7 ամիս առաջ 

Թուրքիայի հովանավորությամբ Արցախում ցեղասպանություն էր նաև 7 ամիս առաջ 

«Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, բայց, ցավոք, հայ ժողովրդի դեմ Թուրքիայի կողմից իրականացված կոտորածն առ այսօր էլ շարունակվում է։ Նույն Թուրքիայի հովանավորությամբ ի՞նչ էր կատարվում 7 ամիս առաջ Արցախում, դա ցեղասպանություն էր, մշակված ու կազմակերպված կոտորած»,- MediaHub-ին պատմում է Ներքին Հոռաթաղի բնակիչ Մարինե Հարությունյանը։ 

Մարինեն աշխատում էր գյուղի մանկապարտեզում։ Սեպտեմբերի 19-ին իրենց ականջին է հասել, որ Ստեփանակերտում պատերազմի մասին են խոսում, և անհանգստություն կա։ Իրենց մոտ՝ Մարտակերտի ներքին ենթաշրջանում, համեմատաբար հանգիստ էր, սակայն նախադպրոցական հաստատության երեխաների կյանքը ռիսկի տակ չդնելու համար որոշել են տուն ուղարկել։ 

«Կեսօրին երեխաներին տուն ուղարկեցինք, մի մասը դեռ չէր հասցրել գնալ։ Մի քանի րոպե անց սկսվեց հրթիռակոծությունը։ Երեխաներս դասի էին, մեր տունը դպրոցից հեռու էր, և այնտեղ հասնելու համար 25 րոպե ժամանակ էր պետք։ Ես զանգեցի ամուսնուս, խնդրեցի, որ արագ գնա երեխաների հետևից, փրկի երեխաներին: Ասացի, ու կապն ընդհատվեց»։ 

Մարինեն ասում է, որ գյուղը շատ մոտ էր Կաշենի հանքավայրին, բացի այդ, Ն․Հոռաթաղի տարածքում նաև հրետանային զորամասն էր։ Դրա համար ամենաշատ հրթիռներն ադրբեջանական զինուժն ուղարկում էր գյուղի ուղղությամբ։ 

«Ես միայն հաջորդ օրն եմ իմացել, որ երեխաներս խուճապահար, արկերի տակով տուն գալու ճանապարհին, արկերն ընկել ու պայթել են երեխաներից ոչ հեռու։ 2 տղամարդ տարել են իրենց մոտ, մինչև ամուսինս մեքենայով գնացել է նրանց հետևից»,- հիշում է մեր զրուցակիցը, որ սեպտեմբերի 19-ին անդադար կրակոցների պատճառով այդպես էլ տուն գնալ չի կարողացել։ 

«Աշխատակիցներով մնացել են նկուղում։ Նկատում էինք, որ արկերն ուղիղ նշանառությամբ թափվում են բնակելի հատվածում, մանավանդ մեր թաղամասի վրա։ Գյուղից ստացվող լուրերը ցավեցնող էին։ «Սնարյադը» ընկել է բնակելի տներից մեկի վրա, տատ ու թոռ մահացել են։ Աղոթելուց բացի ես այլ բան չէի կարողանում անել։ Հիմա, երբ զուգահեռներ եմ տանում, միանշանակ այլ բան մտքիս չի գալիս, քան ցեղասպանությունը, որ իրականացվեց Արցախի ժողովրդի նկատմամբ»։

Մարինեի հայրն արցախյան առաջին ազատամարտի նահատակներից է, ցավում է, որ պատերազմի պատճառով իրենից բացի այլ երեխաներ չեն հասցրել ունենալ։ 

«Նույն պատմությունն էր նաև մեր համագյուղացի Հակոբի ընտանիքում։ Նրա հայրն էլ զոհվել է պատերազմում, իսկ 2023-ին՝ 10-ամյա որդին ու մայրը։ Հասկանո՞ւմ եք, ցեղասպանությունը միայն համատարած սպանդը չէ, այլ կիսատ կյանքերն ու խեղված ճակատագրերն են»,- ասում է նա։ 

Մի ամբողջ գիշեր վախի ու սարսափի մեջ է եղել Ներքին Հոռաթաղի բնակչությունը։ Նկատելով, որ կրակը չի դադարում, իսկ թիրախում խաղաղ բնակչությունն է, գյուղից 2 կին դուրս են եկել իրենց տնից, մի քանի րոպե անց արկերը պայթել են այդ տանը։ Նրանք էլ Մարինեին փոխանցել են, որ իր ընտանիքը ողջ է։

«Սեպտեմբերի 20-ի առավոտյան լսեցի ամենացավոտ լուրը․ գյուղը տարհանվում է։ Ամուսինս եկավ իմ հետևից, երբ հասա բակ, տեսա, որ ամբողջ պատուհանները ջարդուփշուր են եղել հարվածներից, մեր բակում 11 արկ է պայթել, իսկ թաղամասի տները քարուքանդ վիճակում էին։ Երեխաներս պայթյուններից վախեցել էին, պապն ու տատը ձեռքերով փակել են նրանց ականջները, որ շատ չզգան պատերազմի ձայնը։ Գնացի ու պինդ գրկեցի նրանց, արագ-արագ պատրաստվեցինք տարհանման»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ երբ բնակիչները պատրաստվում էին դուրս գալ տներից, թշնամին օդային հարվածներով ու հրետանային միջոցներով նորից թիրախի տակ է առել Ներքին Հոռաթաղը։

«Կյանքը կանգ էր առել։ Իմացանք, որ գյուղի տարհանումը կազմակերպող մեր գյուղապետի կրտսեր որդին է զոհվել։ Իսկ մեր հայրական գյուղից Մեծ շենից զոհվել է մեր հարազատը՝ Լեռնիկ Անանյանը։ Նրա եղբայրը վիրավորվել էր 2020-ի պատերազմում, իսկ հայրը դարձյալ արցախյան առաջին պատերազմում է անմահացել։ Այդ լուրերը լսելիս ավելի էինք թուլանում, թևաթափ լինում»,- նշում է Մարինեն։ 

Ներքին Հոռաթաղ թշնամին մտել է սեպտեմբերի 24-ին՝ վերջին բնակչի դուրս գալուց րոպեներ անց։ «Ինչպես մեկ դար առաջ, այսօր էլ ցեղասպանության սուրը կախված է մեր գլխին, քանի որ մենք այդպես էլ դասեր չքաղեցինք պատմությունից»,- ասաց Մարինե Հարությունյանը։ 

Հունան Թադևոսյան