Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում

Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք է նախաձեռնել, որ Թագուհի Թովմասյանին հետ կանչեն Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից։
Աղազարյանի նախաձեռնած ստորագրահավաքին ոչ բոլոր թիմակիցներն են միացել, 71 իշխանականներից ընդամենը 29-ը։
Թերևս, խմբակցության մեծամասնությունը չի կողմնորոշվում՝ սպասելով Նիկոլ Փաշինյանի հրահանգին:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստեղծել է նախադեպ, երբ անցած խորհրդարանում, կարծիք արտահայտելու համար, պաշտոնանկ է արվել դարձյալ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Նաիրա Զուրաբյանը:
Այնուամենայնիվ, ամենևին փաստ չէ, որ այս անգամ իշխանությունը կգնա նույն ճանապարհով:
Նախ, ի տարբերություն երկու տարվա իրականության, իշխանության վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Բացի այդ, Հայաստանը կանգնած է նոր ահագնացող մարտահրավերների առաջ ու չենք կարծում՝ Փաշինյանն առաջիկայում ներքաղաքական օրակարգով զբաղվելու ժամանակ ունենա: Եվ վերջապես՝ միջազգային կառույցների գրեթե բոլոր զեկույցներն արձանագրում են ժողովրդավարության հետընթաց Հայաստանում, ինչը «բրենդային» տեսանկյունից անհանգստացնում է իշխանությանը:
Հակված ենք մտածել, որ Աղազարյանի նախաձեռնությունն ավելի շատ «ստուգողական կրակոց» է ընդդիմության ուղղությամբ, որն այդ մակարդակում էլ ավարտվելու է:
Վահրամ Բագրատյան