Արցախի ներկայացուցչության ճակատագիրը. ի՞նչ են անելու հունվարի 1-ից հետո

Արցախի ներկայացուցչության ճակատագիրը. ի՞նչ են անելու հունվարի 1-ից հետո

Ըստ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի՝ հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Այդ դեպքում, արդյո՞ք Արցախի ներկայացուցչությունը կշարունակի գոյություն ունենալ. MediaHub-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Արցախի Տեղակատվական շտաբի համակարգող Նարեկ Սահակյանի հետ։

-Նախ, հետաքրքիր է՝ Ամանորին ինչ-որ միջոցառում Արցախի ներկայացուցչությունում նախատեսվա՞ծ է բռնի տեղահանված երեխաների համար։
-Ոչ։ Կոնկրետ ներկայացուցչությունը որևէ բան չի կազմակերպում։ Կամավորներ կան, բարեգործներ կան, որոնք այդ տիրույթում կազմակերպում են։

-Հաշվի առնելով Շահրամանյանի հրամանագիրը՝ Արցախի ներկայացուցչությունը Երևանում շարունակելո՞ւ է իր աշխատանքը հունվարի 1-ից հետո և ինչպե՞ս։
-Նմանատիպ հարցերը Տեղեկատվական շտաբը պաշտոնական հաղորդագրություններով տեղեկացնում է հասարակությանը, այդ թվում լրատվամիջոցներին։ Ավելի շատ առաջնորդվեք Տեղեկատվական շտաբի հայտարարություններով, ոչ թե առանձին հեռախոսազանգերով։ 

-Այսինքն՝ դեռ պարզ չի՞։
- Ես ասել եմ դեռ պարզ չի՞։ Ես ասում եմ՝ խնդրում եմ առաջնորդվել պաշտոնական տեղեկությունների հարթակով, բոլոր տեսակի տեղեկությունները Տեղեկատվական շտաբը տարածում է։ Խնդրում եմ առանձին հարցազրույցներից, հեռախոսազանգերից ձեռնպահ մնալ, որովհետև ես չեմ մեկնաբանում:

Նշենք, որ Սամվել Շահրամանյանն ու իր, փաստացի, խոսնակը ամիսներ շարունակ խուսափում են լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց՝ ընտրելով իրենց համար հարմար հարթակներ: Սակայն Նարեկ Սահակյանին հուշենք, որ մեր հարցերը՝ Արցախի ներկայացուցչության հետագա ճակատագրի և անելիքների մասով, ավելի քան տրամաբանական են, եթե հաշվի առնենք, որ Սամվել Շահրամանյանի հրամանագրով արդեն 11 օրից Արցախի Հանրապետությունը լուծարվում է: Ու ճիշտ կլինի, չէ՝ խորհուրդ կտանք իրեն, ինչպես ինքն է փորձում լրագրողներին խորհուրդներ տալ, ավելորդ ջղաձգումների մեջ չըկնել ու ի վերջո պատասխանել լրատվամիջոցների հարցերին՝ առաջին հերթին հենց իրենց շահերից ելնելով: 

Ինչ վերաբերում է արցախցի երեխաների համար տոնական միջոցառումների կազմակերպմանը, MediaHub-ի հետ զրույցում «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանն էլ ասաց, որ նման առաջարկություն իրենց կազմակերպությանը չեն արել։ 

«Նախորդ տարիներին եղել է, երբ զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների երեխաներին ինչ-որ չափով փորձել ենք օգնել, ուրախացնել, բայց տեղահանությունից հետո ոչինչ չեն արել։ Չնայած Արցախի բռնի տեղահանված երեխաները և մարդիկ սպասում են ինչ-որ միջոցառման»,- հավելեց նա։

Մարիաննա Արամյան