Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը կփոխվի՞

Փետրվարի 12-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը: ՔՊ-ական պատգամավորները ավելի վաղ երաշխավորություն էին ներկայացրել ոչ միայն Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի, այլև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու համար:
Վերջինիս մասով, MediaHub-ը գրել էր, որ Աշոտ Հովհաննիսյանի և՛ երաշխավորագիրը, և՛ քննչական գործողություններն են նույնը եղել, բոլոր մեղադրյալները՝ «Սիներջի» աշխատակիցները և նախկին աշխատակիցները դրսևորել են միևնույն վարքագիծը: Սակայն այդ օրն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը չփոխվեց։
MediaHub-ը փաստաբան Գոռ Օհանյանից հետաքրքրվեց ՝ արդյո՞ք Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվելու միջնորդություն ներկայացնելու է։
«Խափանման միջոցը չի փոխվել, միջնորդություն ունենք, որը դեռ քննարկման փուլում է։ Միջնորդել ենք և սպասում ենք միջնորդության լուծմանը։ Նորություն չկա, սպասում ենք»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանը։
Նրա խոսքով՝ նոր երաշխավորւթյուն չի եղել, իսկ ՔՊ-ական պատգամավորների երաշխավորությունը չի անդրադարձել Աշոտ Հովհաննիսյանին։
Հարցին, թե ինչպես է Աշոտ Հովհաննիսյանի առողջական վիճակը, արձագանքեց՝ բավականին նորմալ։
Մարիաննա Արամյան