2 տարեկան տղա երեխային երեկվանից փնտրում են․ ի՞նչ է հայտնի

Երեկ հայտնի դարձավ, որ Հրազդան խոշորացված համայնքում 2 տարեկան երեխայի են որոնում:
Մասնավորապես, նշվում էր, որ Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, պարեկները և քաղաքացիները որոնողական աշխատանքներ են իրականացնում քաղաքացու այն ահազանգից հետո, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ինքն ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
MediaHub-ը ՆԳՆ–ից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություն կա փոքրիկի որոնումներից: Պարզվեց, 2 տարեկան երեխային դեռ չեն գտել։
«Ոտիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են»,- ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
MediaHub-ի տեղեկություններով՝ երեխան կորել է գետի մոտակայքում, բայց ափից հեռու է եղել, հետևապես երեխային փնտրում են ոչ միայն գետում, այլև հարակից տարածքներում:
Շարունակում ենք հետևել զարգացումներին:
Մարիաննա Արամյան