Սեպտեմբերի 1-ից բոլոր թոշակառուների թոշակը կբարձրանա 3000 դրամով. 1900 դրամով բարձրացումը չեղարկվեց

Կառավարության նիստերից մեկում մենք հայտարարեցինք, որ թոշակները բարձրանալու են 3000 դրամով, բայց դրանից հետո տատիկ-պապիկներն ինձ մոտենում ու ասում են, որ 1900 դրամով է ավելացել։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 


Նա տեղեկացրեց, որ այդ ամենից հետո քննարկում է եղել ու պարզվել է, որ հետևյալ իրավիճակն է․ թոշակառուների 97.5 տոկոսի համար թոշակը բարձրանում է առնվազն 3000 դրամով, բայց կան 6400 թոշակառուներ, որոնց համար թոշակը բարձրանում է 2500 դրամով, իսկ ևս 5300 հոգու համար այն բարձրանում է 1900 դրամով։ 
«Մենք քննարկեցինք և մեր վերոնշյալ թոշակառուների համար որոշում կընդունենք, որ բոլոր թոշակառուների թոշակը բարձրանա 3000 դրամով»,- ասաց նա։ 


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ որոշվել է բոլոր թոշակառուների նվազագույն թոշակը բարձրացնել ու սահմանել 31, 600 դրամը։ 
«Եթե այս որոշումն ընդունվի, ապա կստացվի, որ այս տարվա մեջ մենք երրորդ անգամ ավելացնում ենք թոշակը»,- հավելեց Նարեկ Մկրտչյանը։