Պետությունը որպես գործատու շատ դաժան է ուսուցիչների հանդեպ․ Բաբայան

Ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին խոսակցություններն ու բողոքները չեն դադարում։
Սեպտեմբերին Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչները մի քանի բողոքի ակցիա իրականացրին և հանդիպեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն դժգոհ մնացին և պահանջեցին իրենց հարցին այլ լուծում տալ։
2023 թվականի դեկտեմբերի 1-ին ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը հանդիպել է հանրակրթկան դպրոցներում դասավանդող մի խումբ ուսուցիչների հետ։ Ուսուցիչները հանդիպման ընթացքում բարձրաձայնել են մի շարք հարցեր, խնդիրներ, դիտարկումներ և առաջարկներ, քանի որ իրենց պրոբլեմներին ոչ մի լուծում չի տրվում։
MediaHub-ի հետ զրույցում «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանը պատմեց քննարկման և հետագա զարգացումների մասին։
«Մենք իրենց էինք լսում, իրենք՝ մեզ, եթե լսել միայն դա նկատի ունենք, բայց հետագայում գործողություններ իրականացնելու վերաբերյալ դեռ պատասխան չունենք, ամեն դեպքում հանդիպման վերջում պայմանավորվածություն ենք ձեռք բերել ևս մեկ հանդիպման մասին։ Ուսուցիչների համար վիրավորական է այն, որ մենք չենք հանգստանում, ինձնով չի սկսում և չի ավարտվում այս խնդիրը։ Հանդիպմանը ներկա գտնվողների քանակն էլ էին իրենք որոշել»,- նշեց ուսուցիչը։
Մանկավարժի խոսքով՝ միակ վիրավորական բանն այն էր, որ պետական մակարդակով ուսուցչի մեկ դրույք, լիարժեք աշխատանքը գնահատում են 120.000 դրամ հարկերը ներառյալ։
Ըստ նրա՝ ընդհանուր որոշում պետք է կայացվի ուսուցիչների կողմից, որովհետև եթե նախարարությունն ասում է, որ «գնանք, կամավոր ատեստավորմամբ աշխատավարձ բարձրացնենք, ապա նշանակում է, որ ուսուցիչն է որոշում իր աշխատավարձը բարձրացնել, թե՝ ոչ»։
«Պետությունը, որպես գործատու, փաստորեն այդքա՞ն է գնահատում ուսուցչի աշխատանքը։ Մի շարք աշխատանքներ կան, որոնք պարտադրված պետք է անի ուսուցիչը, ու չի կարող չանել։ Եվ այդ ամբողջ գերծանրաբեռնված շաբաթական աշխատանքի համար պետական մակարդակով ուսուցչի աշխատանքն ընդամենը 120.000 դրա՞մ է գնահատվում։ Ես չգիտեմ՝ ինչքան կմնամ ոլորտում, չգիտեմ՝ ինչքան կհանդուրժեմ, քանի որ վիրավորանքը շատ մեծ է։ Եվ ընդհանուր ուսուցչական համայնքը չի հանգստանում, քանի որ հարկերը հանում ենք, և տակը 100.000 դրամ էլ չի մնում։ Պետությունը որպես գործատու շատ դաժան է ուսուցիչների հանդեպ»,- եզրափակեց խոսքը Շողեր Բաբայանը։
Մարիա Զարգարյան