Որտե՞ղ է ԲԴԽ նախագահ Անդրեասյանը, ինչո՞ւ եք նման կարեւոր քննարկմանը դուք մասնակցում․ Թորոսյան
Խորհրդարանը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքը։ Ի թիվս այլ հարցերի, օրակարգում ընդգրկված են նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն եւ քաղաքացիական պլատների դատավորների ընտրության հարցերը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Դատավորներին ներկայացնելու համար ԱԺ է եկել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը։
«ՔՊ» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ԲԴԽ նախագահի բացակայությունը.
«Կանոնակարգ օրենքի համաձայն Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Եւ՛ ԲԴԽ-ի կայքում, եւ՛ ֆեյսբուքյան էջում, որոնք բավականին ակտիվ են, չտեսա այն դրվագը, որը ցույց կտար, որ պարոն Անդրեասյանը բացակայում է երկրից։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու Անդրեասյանը չի ներկայացնում այս կարեւոր հարցը, որովհետեւ նման դեպք էլի է եղել, ես կարծում եմ, որ կարեւոր է, որպեսզի հենց ինքը գա»,-հետաքրքրվեց Թորոսյանը։
Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց, որ Անդրեասյանը գտնվում է գործուղման մեջ, երկրում չէ, իսկ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ինքը։
Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ասաց, որ չպետք է գործուղումները համընկնեն նման կարեւոր հարցերի զեկուցման հետ։
Մանրամասն՝ տեսանյութում