Առանց Ռուսաստանի ՀՀ չի լինի. կարգավորման գնդակը Հայաստանի դաշտում է. Պետդումայի փոխնախագահ

Խնդիրն ամենևին էլ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հարաբերությունների մեջ չէ, ըստ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի՝ մեր երկրների ժողովուրդները միասնական են, և դարավոր պատմությունն ամեն անգամ ապացուցում է, որ երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն, և որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի։
«Սակայն, Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն այլ կերպ է մտածում և իր քաղաքական կուրսը տանում է Արևմուտքի հետ մտերմանալուն։ Եվ քանի որ մենք այժմ գործնականում պատերազմական իրավիճակում ենք Արևմուտքի հետ, այստեղ, իհարկե, որոշակի քաղաքական լարվածություն կա։ Բայց ինձ թվում է, որ ոչ մի կառավարություն, նույնիսկ այսպիսի դինամիկ և արևմտյան կողմնորոշում ունեցող, ինչպիսին ներկայիս իշխանությունն է, չի կարող վարել այնպիսի կուրս, որին չի աջակցի Հայաստանի ժողովուրդը»,- Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
Նրա խոսքով, հայերը դարեր շարունակ գիտեն, թե ովքեր, երբ և ինչու են հանդես եկել ի պաշտպանություն իրենց և ինչպես են կառուցվել հարաբերությունները։
«Ուստի վստահ եմ, որ մենք ունենք հիմք, և այս բոլոր քաղաքական թյուրիմացություններն ու թյուրըմբռնումներն անցողիկ են, և Արևմուտքի ոչ մի ջանք՝ Հայաստանում արևմտամետ գործողություններ կազմակերպելու, այս ամբողջ դիսկուրսը եվրոպական երազանքի և եվրոպամետ կողմնորոշման մասին չի աշխատելու, քանի որ պատմությունն է մեր կողմից»,- ընդգծեց ռուսաստանցի պատգամավորը։
ՌԴ Պետդումայի փոխնախագահն ընդգծեց, որ Ռուսաստանը չէ, որ փոխել է որևէ կուրս, այլ հակառակը, և նույն Պետդուման հետևողականորեն և հստակորեն պաշտպանում է ռուս-հայկական հարաբերությունների բարելավումը:
«Մենք պատրաստ ենք երկխոսության, գնդակը Հայաստանի դաշտում է։ Հայաստանը պետք է շատ բան անի, օրինակ՝ փակի մոտ 2500 ՀԿ, որոնք ստանում են արևմտյան ֆինանսավորում: Հայաստանում թիվ մեկ խնդիրը՝ պատրանքն է, թե Արևմուտքի հետ համագործակցությունը փրկիչ է, և եվրոպական ուղղվածություն ունեցող այս կուրսը, որը պարոն Փաշինյանն ու իր համախոհները ճիշտ են համարում։ Ես այդպես չեմ կարծում»,- հավելել է Տոլստոյը։