Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել

Երեկ՝  նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ճանապարհահատվածում, ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները: 

Կոտայքի և Արագածոտնի պարեկների շնորհիվ վայրկյանների ընթացքում դեպքի վայրից հեռացվել են հետաքրքրասեր վարորդները, որոնք մինչև պարեկների ժամանումը կայանել էին ավտոմեքենաները ու «թամաշա» էին անում՝ խոչընդոտելով նաև երթևեկությանն ու հրշեջների աշխատանքին:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայում, որը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Ա.-ին, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը նկատել է ավտոմեքենայում առաջացած կրակը, և եթե ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է այլ ընթացք ստանար, սակայն նա ժամանակին արգելակել է ավտոմեքենան ու սկսել է կրակի դեմ պայքարել: