Ե՞րբ կկայանա Պուտին-Զելենսկի հանդիպումը. ստամբուլյան բանակցություններն ու արդյունքները (տեսանյութ)

Ստամբուլում կայացած հերթական բանակցություններից հետո ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանը երկու քայլ է անում լարվածության թուլացման համար. նախ Մոսկվան առաջարկում է արագացնել երկու երկրների առաջնորդների հանդիպումը, ինչպես նաև էականորեն կրճատում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ:


Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների շուրջ չորս ժամ տևած բանակցություններից հետո ուկրաինական պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալին հայտարարել է, որ Կիևը համաձայն է պահպանել իր չեզոքությունն ու ոչ միջուկային կարգավիճակը անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում:


Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան մինչդեռ պնդել է, որ Ռուսաստանը չպետք է դեմ լինի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, Ուկրաինան իր հերթին կհրաժարվի զանգվածային ոչնչացման զինատեսակների արտադրությունից ու տեղակայումից, ինչպես նաև կարգելի օտարեկրյա ռազմաբազաների տեղակայումը սեփական տարածքում։ Նախատեսվում է նաև, որ Կիևը պետք է հրաժարվի վերադարձնել Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմական ճանապարհով։


Բանակցությունները հյուընկալող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պատվիրակությունների հանդիպումից հետո հայտարարել է, որ մինչ օրս տեղի ունեցած քննարկումներից ստամբուլյան բանակցությունները ամենաարդյունավետն են եղել:


Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր երկու երկրների պատվիրակություններն արդեն մի քանի հանդիպում ունեցել էին , որոնք տեղի էին ունեցել Բելառուսում: