Գերմանիայի իշխանությունները կարող են էներգետիկ ընկերությունների ունեցվածքն օտարելու իրավունք ստանան

Գերմանիայի իշխանությունները կարող են էներգետիկ ընկերությունների ունեցվածքն օտարելու իրավունք ստանան

Գերմանիայի կառավարությունը պետք է հնարավորություն ունենա էներգետիկ ճգնաժամի դեպքում միջամտել շուկայի իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում օտարել ընկերությունների ունեցվածքը։ Դա նախատեսված է Էներգետիկ անվտանգության մասին օրենքի փոփոխությամբ, որն առաջին անգամ քննարկվել է Բունդեսթագում ուրբաթ օրը, հայտնում է Deutsche Welle-ն։

Գերմանիայի տնտեսական հարցերի եւ կլիմայի պաշտպանության նախարարի խորհրդարանական պետքարտուղար Օլիվեր Կրիշերն ասել է, որ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն որքան հնարավոր է շուտ։

Կրիշերի խոսքով՝ նորամուծությունները կարող են հիմք դառնալ, որպեսզի Շվեդտում (Բրանդենբուրգ) գտնվող PCK Raffinerie գործարանը, որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է ռուսական «Ռոսնեֆտ»-ի կողմից, հայտնվի գերմանական պետական ​​վերահսկողության տակ։

Տնտեսական հարցերի եւ կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայում ռուսական պատերազմի մեկնարկից անցած ութ շաբաթվա ընթացքում Գերմանիայի կախվածությունը ռուսական նավթից 35 տոկոսից կրճատվել է մինչեւ 12 տոկոս։ Այս գործընթացի շարունակությունը կասկածի տակ է դնում Շվեդտում նավթավերամշակման գործարանի հետագա դերը։ Հաբեկը Ռուսաստանի դեմ նավթի արեւմտյան հնարավոր էմբարգոն «լուծելի» խնդիր է համարում։

Օլիվեր Կրիշերն իր հերթին նշել է, որ օտարումը, որպես «վերջին միջոց», պետք է հնարավոր լինի հստակ սահմանված եւ շատ սահմանափակ պայմաններում։ Պետքարտուղարը հավելել է, որ անընդունելի է, որպեսզի էներգետիկ ենթակառուցվածքի սեփականատերը վտանգի ենթարկի մատակարարումները։

Նրա կարծիքի հետ համաձայն է Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունից քաղաքական գործիչ Մայքլ Կրուզը, ով մասնագիտացած է էներգետիկայի հարցերում։

2021 թվականին Գերմանիա Ռուսաստանից ներկրված 28.1 միլիոն տոննա նավթից ավելի քան երկու երրորդն անցել է «Դրուժբա» խողովակաշարով։ Գերմանիայի արեւելքում 2022 թվականի սկզբի դրությամբ «Դրուժբա»-յից ամբողջովին կախված էին երկու խոշոր նավթավերամշակման գործարաններ՝ PCK Raffinerie-ն Շվեդտում՝ Լեհաստանի հետ սահմանին, եւ գործարանը Լոյնայում՝ Բեռլինից հարավ-արեւմուտք:
Ինչպես ավելի վաղ DW-ի հետ զրույցում պարզաբանել էր Քյոլնի գերմանական տնտեսագիտության ինստիտուտի (IW) հետազոտության հեղինակ Թոմաս Պուլսը, Շվեդտի գործարանը կարող է իրեն անհրաժեշտ հում նավթի մոտ երկու երրորդը ստանալ խողովակաշարով Ռոստոկ նավահանգստից: Վերջինս, սակայն, այդ պայմաններում ստիպված կլինի աշխատել տեխնիկական հնարավորությունների եզրին: