Կրեմլը մեկնաբանել է Պուտինի հնարավոր այցը Երևան

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի հնարավոր այցը Երևան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ իր հայ գործընկերների կողմից՝ ՄՔԴ-ին միանալու հետ կապված: Այս հարցը դեռ պետք է լուծվի. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք արդեն ասել ենք, որ, իհարկե, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերների կողմից: Այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչը մենք վճռական ենք անելու»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

MediaHub-ը հիշեցնում է, որ Հայաստանը պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ փետրվարի 1-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։ Ռուսական կողմը բազմիցս անհամաձայնություն է հայտնել փաստաթուղթը վավերացնելու Երևանի ծրագրերին։

Վերջին իր հարցազրույցում Վլադիմիր Պուտինի ՀՀ հնարավոր այցի ու դրան հաջորդող հնարավոր ձերբակալության մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, ասել է.

"Ես չեմ կարող հիմա իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է: Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ:

2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով"։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Փաշինյանն ուղղակի զանգահարի Վլադիմիր Պուտինին և ասի, որ նա ուղղակի չգա, քանի որ չի կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. "Ես չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի"։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world