Արդյո՞ք Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ներկայացնելու են հայտարարագիր

2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
ՊԵԿ այս որոշումը ինչպես բուռն քննարկումների, այնպես էլ հանրության շրջանում դժգոհությունների առիթ էր տվել։
«Խոշոր հարկատուներից չեն կարողանում եկամուտների չափերը իմանան, այսպես ասած ստվերային եկամուտները չեն հարկվում, ՊԵԿ-ը անցել է հասարակ մարդկանց եկամուտներին, որոնց մեծ մասը անապահով, միջին կամ վատ ապրողներ են». ահա այսպիսին է քաղաքացիների հիմնական դժգոհությունը, որ հավաքագրել է MediaHub-ը:
ՊԵԿ-ը վերջին մեկ շաբաթվա ընթացքում չէր պարզաբանել, թե արդյո՞ք արցախցիները, որոնք ապրում են ՀՀ-ում և գտնվում են Հայաստանի հարկային դաշտում, ևս պետք է ներկայացնեն հայտարարագիր։
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը MediaHub-ի հետ զրույցում պարզաբանեց․ «Եթե Արցախից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները»։
Իսկ այն քաղաքացիները, որոնք տեղահանվել են Արցախից և ստացել ՀՀ քաղաքացիություն՝ (070 ծածկագրով անձնագիրը փոխվել է) նրանք պետք է ներկայացնեն հաշվարկ-հայտարարագիր։
Հունան Թադևոսյան