Սա շինծու գործ ա. ինչ ա՞ նշանակում հերոսածին ծնողին 50.000 դրամ տուգանեն
Ինչպես MediaHub-ը ավելի վաղ հայտնել էր՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր ՀՀ վարչական դատարանում էին՝ ի աջակցություն պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։
Դատարանը քննում էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ոստիկանության հայցն ընդդեմ Գալեյանի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցած տարվա սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի գործով։
Ծնողները հայտնեցին, որ հիշալ միջադեպով առերեսումները, որ տեղի էին ունենում ՀՀ քննչական կոմիտեում, դադարեցվել են՝ իրենց պահանջով։ Վերջին առերեսումը տեղի է ունեցել զոհվածի մայր Գայանե Արզումանյանի եւ կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի միջեւ։
«Մեր ծնողները հրաժարվեցին, քանի որ քննչականում անելիք չունենք։ Ոստիկանները թող մեկը մյուսի միջեւ պարզեն, թե ծնողներին բերման ենթարկելու հրամանն ով է տվել։ Առերեսումների ժամամանկ Հայկազը ասել է, որ ինքն է հրաման տվել։ Թե ինչ բարոյական ու մարդկային իրավունքով, չգիտեմ»-MediaHub-ի հաղորդմամբ ասաց պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Անդրադառնալով ծնողների դեմ ոստիկանության ներկայացրած հայցի օրինաչափությանը, Սահակյանը հիշեցրեց, որ դատարանի որոշման վերաբերյալ առաջին հրապարակումը կլինի փետրվարի 20-ին։
«Ըստ այդմ կհասկանանք, թե մեր դատական համակարգը ինչ մակարդակի վրա է։ Ես այնքան լավատես եմ, որ կարծում եմ՝ որեւէ վարչական տույժ չի լինի»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: