«Արևմտյան Ադրբեջանն» արհեստական թեզ է․ ինչո՞ւ է լռում Երևանը

Ադրբեջանը ակտիվ շարունակում է քարոզչությունը, որն ուղղված է լեգիտիմացնելու իր հավակնությունները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Վերջին շրջանում, ինչպես հայտնի է, Բաքուն ակտիվ շրջանառում է «Արևմտյան Ադրբեջան» թեզը, և սրա վտանգն այն է, որ այդ քարոզչությունն արդեն լքել է Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններն ու իրականացվում է նաև այլ երկներում: Օրինակ, Վրաստանում, որը Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունի, ըստ ամենաբարձր մակարդակում հնչող հայտարարությունների:
Այդպես, երեկ Թբիլիսիում կայացել է «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողով ու ցուցահանդես: Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչ է անում ՀՀ-ն, որպես պետություն, որպեսզի այս թեզը չշահարկվի հատկապես մեր բարեկամ երկրներում, քննարկենք, թե առհասարակ ի՞նչ հիմքեր ունի «Արևմտյան Ադրբեջանի» միֆը: Այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց պատմաբան Աշոտ Մելքոնյանի հետ։
«Սա արհեստական թեզ է։ Թող որևէ քարտեզ ցույց տան, որտեղ գրված է «Արևմտյան Ադրբեջան», իսկ իրական Ատրպատականը գտնվում է ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում և որևէ կապ չունի Ադրբեջանի հետ»,- ասաց նա:
Այդ տերմինը, շարունակեց մեր զրուցակիցը, հորինեցին միայն այն նպատակով, որ կարողանան ներկա Ադրբեջանի տարածքում ապրող թուրքալեզու ժողովուրդներին կտրել ընդհանուր թուրքական աշխարհից՝ հեռանկարում նպատակ ունենալով Իրանի հյուսիս-արևմուտքը ևս անջատել Իրանից և միացնել ներկա Ադրբեջանին։
Ըստ պատմաբանի՝ 1918թ․ ստեղծվեց արհեստական Ադրբեջան պետությունը, որը ներկայիս Ադրբեջանի հետ կապ չունի՝ Ադրբեջանի այսօրվա տարածքը իրանական պատմական Շիրվանի և Արանի տարածքներն են․ ««Արևմտյան Ադրբեջան» տերմինը հորինվեց այնպես, ինչպես հորինեցին թուրքերը օսմանյան «Արևելյան Անատոլիա» տերմինը։ Այսինքն՝ Արևմտյան Հայաստանի հասցեին հորինվեց «Արևելյան Անատոլիա» տերմինը»։
«Երկու կողմից՝ արևելքից և արևմուտքից, Հայաստանը, որպես պետություն, կեղծ «գիտական» տեսությունով փորձեցին ջնջել աշխարհագրական քարտեզից։ Օրինակ՝ Ռուբեն Դավթյանի հրապակած պատմական քարտեզներից հստակ երևում է, որ երբևէ այդ տարածաշրջանի վրա Ադրբեջան աշխարհագրական հասկացություն չի եղել, առավել ևս, եթե չի եղել Ադրբեջան, չէր կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», որի տեղում մշտապես եղել է Հայաստանը, այդ թվում նաև Օսմանյան Թուրքիայի քարտեզների վրա»,- ասաց պատմաբանը։
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին ՀՀ տարածքը ներկայացրել էր որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Եվ նման նկրտումները բացահայտ են, գրեթե ամենօրյա ռեժիմով, հիմա էլ, ահա, միջազգային ասպարեզ դուրս բերվել: Մինչդեռ Հայաստանը, պետական մակարդակով, կարծես լուրջ չի վերաբերում այս ամենին ու չի արձագանքում Բաքվի այս ոտնձգություններին:
Մարիաննա Արամյան