«Հայաստանի Հանրապետությունն է լուծարվում Փաշինյանի կառավարման արդյունքում, Արցախը լուծարել, պրծել է»

Նիկոլ Փաշինյանը սկսել է ֆեյսբուքյան իր էջն ակտիվ օգտագործել, մեկնաբանություններում պատասխանել օգտատերերին, տեսանյութեր հրապարակել: Սակայն ամենաուշագրավն իր գրառումներն են, որոնք ուղղակի աղավաղում են Հայաստանի ու Արցախի անցյալն ու ներկան, մշուշով պատում ապագան:
Այսօր էլ, օրինակ, նա մի գրառում էր արել, ըստ որի՝ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացն եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:
«Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,– գրել է Փաշինյանի։
Պարզվեց, որ այսքան տարի, կրկին ըստ Փաշինյանի, ամենն անիմաստ էր, քանի որ մեկ է, բանակցային գործընթացն եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Պատերազմն անիմա՞ստ էր, այսքան զինվորի կյանք անիմա՞ստ էր, իսկ եթե այսքանն անիմաստ էր, ինչո՞ւ պատերազմը չավարտվեց առաջին իսկ օրը կամ ինչո՞ւ այն եղավ առհասարակ:
Նիկոլ Փաշինյանը հերթական կեղծ և սուտ պարունակող մարազմատիկ հայտարարությունն է արել. ահա այսպես է MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանեց Փաշինյանի «մտքի գոհարը» ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Արցախի հանձնումն ունի հասցեատեր և հստակ անուն ազգանուն՝ նրա անունը Նիկոլ է, ազգանունը՝ Փաշինյան, իսկ քաղաքական իմաստով անուն ազգանունը՝ կապիտուլյանտ»,- ասաց նա
Ըստ Շարմազանովի՝ Արցախը հանձնել է Փաշինյանը, իսկ Նիկոլի հերթական սուտը չափեր չի ճանաչում: Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում՝ Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների իքնորոշման իրավունքի ամբողջկան իրացմամբ՝ հանրաքվեի միջոցով։
«Դրա մասին դեռ 2021թ․ հունվարի 13–ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը, որը նշել է, որ ըստ բանակցային փաթեթի՝ Արցախն ունենալու էր միջանկյալ կարգավիճակ, 5 շրջան տրվելու էր Ադրբեջանին, Լաչինը ու Քարվաճարը մնալու էին հայկական վերահսկողության տակ, Արցախն էլ ունենալու էր միջանկյալ կարգավիճակ, այնուհետև հանրաքվեի միջոցով առանց սահմանափակման որոշելու էր իր վերջնական կարգավիճակը»,– ասաց Շարմազանովը։
Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից, շարունակեց նա, հրաժարվել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Իլհամ Ալիևը։ Ինչպես նշեց Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի բովանդակությանն ամենակարճ ռեզյումեն տվել է հենց Ալիևը, ով նշել է, որ «փակ դռների հետևում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»։
«Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանի ժամանակ ասում՝ «աշխարհը պահանջում է Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը», իսկ հիմա ինքն ա մեզնից պահանջում «արևմտյան Ադրբեջան», 300.000 ադրբեջանցիների վերադարձ, Սահմանադրության փոխում և այլն»,– հարցադրում հնչեցրեց Շարմազանովը։
Ապա հավելեց․ «Բա որ նախկիններն արդեն բանակցում էին (Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու – խմբ.), ինքն ինչպե՞ս էր գնում Շուշիում ինաուգուրացիա անում, իր տիկինն ինչպե՞ս էր Շուշի հրավիրում Մեհրիբան Ալիևային, բա որ նախկինները տվել էին Արցախը, իր որդուն ինչպե՞ս էր ուղարկում Ադրբեջան ծառայելու, բա որ Արցախը նախկինները տվել էին, ինչո՞ւ 5000 երեխու տարավ զոհեց․․․ Սա մարազմ է։ Ինքն ուզում է մարդկանց մեջ իր վրայից Արցախի հանձնման թեման մաքրի, ազատվի, բայց սա մաքրվող թեմա չի՛»։
Հարցին, թե ինչո՞ւ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի վերջո սա լուրջ մեղադրանք է իրենց հասցեին, որ հանրությանը երեք տասնամյակ մոլորեցրել են ու, իբր, այլ գործընթաց են տարել, քան հայտարարում էին, Շարմազանովը պատասխանեց․
«Փաշինյանը Ալիևի հետ՝ Էրդողանի գլխավորությամբ, իրականացնում է թուրքական օպերացիա, որովհետև կապիտուլյանտ է, 2018-ին եկել էր Արցախը հանձելու։ Հայաստանի Հանրապետությունն է լուծարվում Փաշինյանի կառավարման արդյունքում, Արցախը լուծարել, պրծել է, հիմա անցել է Հայաստանին»։
Մարիաննա Արամյան