«2007-ին Թուրքիայի քիթը կջարդեին». «կոռեկտության կոչ եմ անում»․ ԱԺ-ում կրքերը լարվեցին

ԱԺ-ում շարունակում է քննարկվել հարցը, թե ինչու էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ներկա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր այդ հարցը բարձրացրել, նաև նշել, որ հանդիպումը տեղի է ունեցել հայ ժողովրդի թիկունքում, գաղտագողի։
ՔՊ-ական պատգամավորներն էլ հակադարձեցին, թե ուղիղ հեռարձակմամբ եղած հանդիպումն ինչպե՞ս կարելի է գաղտագողի համարել։ 
Նրանք նկատեցին՝ գաղտագողի էին, օրինակ, 2007 թվականի բանակցությունները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Այս ամենը Գեղամ Մանուկյանին զայրացրեց, և նա ԱԺ ամբիոնից պարզաբանեց, թե ինչն է գաղտագողի։
«Ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել։ Բազմաթիվ մեր հայրենակիցներ ականատես են՝ ՀՀ իշխանությունների լռության պայմաններում ադրբեջանցիների կողմից օկուպացիա է տեղի ունենում։ Գաղտագողին այն է, որ բանակցություններից հետո ԱՄՆ պետդեպարտամենդը հայտարարում է՝ քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցն է։ Գաղտագողին արցախցիներին էթնիկ փոքրամասնություն կոչելն է։ Գաղտագողին էն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացվեց ադրբեջանական մաքսակետը, որով պետք է անցնեն արցախահայերը»,- նշեց նա։

Մանուկյանի այս հայտարարությունից հետո նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոռեկտության կոչ արեց, սակայն Գեղամ Մանուկյանը շարունակեց խոսքը։
Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի՝ այդ հանդիպմանը ներկա լինելուն, ապա Մանուկյանը նկատեց՝ Թուրքիայի հետ բանակցողը գնում է Ադրբեջանի հետ բանակցության։ 
"Այստեղ մեր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շաղկապվում են։ Իսկ 2007-ին Թուրքիայի քիթը կջարդեին, եթե այն մտցվեր Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։