Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Հոկտեմբերի 15-ին Սիսիանի ավագանու արտահերթ նիստում պետք է տեղի ունենար Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել։ Նիստին 21 անդամից ներկայացել էր 9-ը, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ վայր են դնում մանդատները։
Մեր տեղեկություններով, պաշտոնապես դեռ չեն ներկայացրել դիմումները, իսկ դա նշանակում է, որ կարող են ցանկացած պահի մասնակցել նիստին եւ իշխանության համար քվորում ապահովել։ Մեզ ասացին, որ գործին է խառնվել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ Հակոբջանյանի ազգականը, եւ միջնորդավորված կերպով բավականին խոստումնալից առաջարկներ է անում ընդդիմադիրներին։
«Հրապարակ» թերթը գրում է․
Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի օգնականի պաշտոնում»։ Խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի մասին է։ Փաստորեն, իշխանությունները մի կողմից ձեւական քրեական գործընթաց են իրականացնում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի նկատմամբ, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրա մտերիմներին ու ազգականներին։
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ Երեւան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեւինը: Նախատեսվում է, որ կոնգրեսականներն այսօր կհանդիպեն խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ խորհրդարանական հանձնաժողովների հետ: Հանդիպումներից հետո պատվիրակությունը կհրավիրի մամուլի ասուլիս:
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու եւ դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին: Պապիկյանի այս հայտարարությունից հետո իրարանցում սկսվեց՝ մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ում են տանելու, երբ, ինչպես։ Բայց պարզվեց՝ սա ընդամենը գաղափար է, որը դեռ պետք է դառնա նախագիծ, ընդունվի, նոր ուժի մեջ մտնի։
ՊՆ մամուլի խոսնակը մեզ հայտնեց, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, մշակված չէ, ընդունված չէ։ Երբ պատրաստ լինի, կհրապարակեն։ Այս պահին հայտնի էլ չէ, թե երբ է պատրաստ լինելու։ Հիմա երկամսյա հավաքներ են, որը մինչեւ նոյեմբերի 22-ն է տեւելու։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ մեր քաղաքացիների գերակշիռ մասը նույնիսկ տեղյակ չէ, որ մարդահամար է անցկացվելու, և մարդիկ անակնկալի են գալիս նշյալ այցերից:
Փաստացի, պատշաճ իրազեկում չի կատարվել: Մյուս կողմից՝ հաշվառում իրականացնողները հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ, որոնցից շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ կազմակերպություն են ներկայացնում, և միայն «բեյջերի» վրայի փոքրիկ «ՎԿ» հապավումից մի կերպ կարելի է հասկանալ, որ նրանք լիազորված են Վիճակագրական կոմիտեի կողմից: Սա սկզբում կասկածներ է հարուցում մարդկանց շրջանում, ավելին՝ հանգեցնում է բավականին բարդ խոսակցությունների, մեր տեղեկություններով, քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները նույնիսկ կոպտել են հաշվառում իրականացնող երիտասարդներին:
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիները շատ վատ են վերաբերվել այդ այցին, որովհետև շատերը տպավորություն ունեն, որ Հարությունյանը նման այցեր իրականացնում է զուտ Փաշինյանին հերթական անգամ սիրաշահելու և քծնելու նպատակով։
Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Արցախում բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանը հանձնում է Արցախը, բայց Հարությունյանը, կարծես թե, չի շտապում որևէ քայլ անել։ Ավել ին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Հարությունյա նը փոր ձում է արհեստակա ն դրա կան ազ դակ ներ ապահովել։
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում են հանդիպումներ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն, մեր խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, հիմնական հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների շրջանակներում։
Նույն աղբյուրը թերթին փոխանցել է նաև, որ կոնգրեսականները խորհրդարանում հիմնականում պատրաստվում են քննարկել առաջիկայում հայադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ընդհանուր դրույթները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հովակիմյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է ու կուսակցական գործունեությունը անկախ հանձնաժողով գործուղվելուց օրեր առաջ է դադարեցրել. եթե խորհրդարանում ինքն իրեն չընտրեր, այդ պահին ստեղծված իրավիճակի դասավորվածությամբ՝ ԿԸՀ նախագահ չէր ընտրվի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԸՀ անդամների ընտրության օրն ԱԺ-ում Հովակիմյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջեւ խոսակցություն է եղել: «Այդ օրն ԱԺ-ում 67 ՔՊ-ական պատգամավոր կար, որոնցից 2-ը Կոնջորյանին խնդրել են անձնական գործերով լքել ԱԺ-ի շենքն ու չմասնակցել ԿԸՀ անդամների քվեարկությանը: Կոնջորյանն Հովակիմյանից հետաքրքրվել է՝ բավականացնում են արդյոք ՔՊ պատգամավորների ձայները, եթե ԱԺ-ում կան ընդամենը 65 պատգամավորներ: Հովակիմյանն ասել է, թե խնդիր չի լինի, ինքն իրեն քվեարկի, եւ 65 հոգին կլրանան»,- պատմեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազների հետ աշխատանքային վերջին քննարկումներից մեկի ժամանակ խոսել է իր ուշադրության կենտրոնում գտնվող դատավորների ու փաստաբանների մասին՝ հայտնելով, որ որոշակի տվյալներ կան, թե փաստաբանները դատավորների հետ միջնորդավորված կապի մեջ են տարբեր քրեական վարույթներով:
Երեկ ԱԱԾ-ն մտավ դատարան եւ մինչդատական վարույթում գտնվող մի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալեց: Իսկ ինչո՞ւ հենց այս դատավորին եւ փաստաբանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի եւ ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 7-ին նախագահ է ցանկացել դառնալ նաեւ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը Դավիթ Խաչատրյանի նշանակմանը կողմ են եղել երեք դատավոր անդամներ, իսկ մյուսներն իրենց ձայնը տվել են կառավարությունից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ բավականին հետաքրքիր գործերով իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը հանդիսանում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը:
Մեզ ակնարկեցին, որ Հովհաննիսյանը քաղաքապետի հովանավորյալն է, եւ այդ կապերը եղել են դեռեւս այն ժամանակվանից, երբ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի տեղակալն էր եւ համակարգում էր նաեւ Մետրոպոլիտենի աշխատանքը: Մեզ փոխանցեցին, որ օպերատիվ աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկությունները, մեղմ ասած, բավականին ուշագրավ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով ակտիվ գործողություններ չեն իրականացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ընդամենը ամիսներ առաջ՝ 2022 թվականի հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկին հայտարարություններ արեց, որոնք այնուհետեւ իրականություն այդպես էլ չդարձան:
Մասնավորապես, ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, թե ինչու են իրեն մեղադրում Արցախին միայնակ թողնելու համար՝ հայտարարելով, թե դա սուտ է: Եվ, որպես ապացույց, նա բերում էր այն հանգամանքը, որ 2021-2022թթ. Արցախի բյուջեն եւ ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության: «2019-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած: