Էդ ո՞ր ժողովրդավարական երկրում ձու ու լոլիկ չեն նետում, դրա համար մարդկանց ասում են՝ իրավունք չունե՞ս այս երկրում լինել. Շավարշ Քոչարյան

Էդ ո՞ր ժողովրդավարական երկրում ձու ու լոլիկ չեն նետում, դրա համար մարդկանց ասում են՝ իրավունք չունե՞ս այս երկրում լինել. Շավարշ Քոչարյան

Եթե պետությունն անձին արգելում է մուտք գործել, միջազգային իրավունքն ասում է՝ դու կարող ես դա չբացահայտել: Դա վտանգում է իմ անվտանգությունը, և վերջ: Բացատրություն չի պահանջվում: Օրինակ, Թուրքիայում և Ադրբեջանում նույն Մուրադ Փափազյանի մուտքն արգելված է: Իրենք հո բացատրություն չե՞ն տվել՝ ինչի համար: 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում նշեց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նախկին փոխարտգործնախարարի խոսքով՝ նախ ծիծաղելի է, երբ տրվում է նմանատիպ բացատրություն:

«Ավելին ասեմ. եթե բացատրություն չտային, նույնիսկ խորհրդավոր բան կլիներ: Հանրությունը կմտածեր: Մարդ կա՝ կմտածեր՝ Թուրքիայի ագենտն է: Բայց այս բացատրությամբ հայտնվում են լրիվ հիմար վիճակում: Ստացվում է՝ եթե սա է բացատրությունը, ուրեմն մարդը կամա-ակամա պիտի մտածի՝ ուրեմն արգելելու դրդապատճառները նույնն են, ինչ Ադրբեջանում և Թուրքիայում: Ուրիշ բացատրություն չես կարող տալ: Նետել են….Էդ ո՞ր ժողովրդավարական երկրում ձու ու լոլիկ չեն նետում: Դրա համար մարդկանց վտարո՞ւմ են երկրից, ասում են՝ իրավունք չունե՞ս այս երկրում լինել: Այսինքն՝ էս մեր ժողովրդավարության բաստիոնն է դրա մասին խոսում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց՝ ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ:

«Սրանց պատկերացումը դա է: Ժողովրդավարությունն ընդամենը միջոց է, մեխանիզմ քո պետությունը արդյունավետ դարձնելու համար, քո պետության յուրաքանչյուր անհատի՝ հարգանքի արժանանալու համար: Այսինքն՝ ժողովրդավարությունը միջոց է, իսկ իրենք հռչակում են ինքնանպատակ: Ավելին, կատարում են ճիշտ հակառակը, ինչ պահանջում է ժողովրդավարությունը: Այ սա է… Նպատակ, միջոց… Ամեն ինչ խառնվել է… Ո՞րն է նպատակը: Պետությունն էլ ինքնանպատակ չէ: Որ ասում են՝ հանուն պետության, պետությունն ինչի՞ համար է: Պետությունն էլ միջոց է, ժամանակակից աշխարհում հզոր մեխանիզմ է քո ազգային շահերին հետամուտ լինելու համար: Այ սա է պրոբլեմը: Միջոցը դառնում է ինքնանպատակ, աղավաղվում է, և իմ ասած օրինակով՝ պետությունը դուրս են բերում բեմահարթակ, ասում՝ սա է ժողովրդավարությունը, ու մի այլանդակություն է այնտեղ երևում, որ մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում»,- նշեց Շավարշ Քոչարյանը: