Փաշինյանը կորցրել է ադեկվատությունը

Փաշինյանը կորցրել է ադեկվատությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանությունը պետք է անկեղծ շփում ունենա քաղաքացիների հետ և մարդկանց հստակ բացատրի, թե ինչ է տեղի ունենում երկրի շուրջ։ Վարչապետի խոսքով՝ երբ իշխանությունը մարդկանց բացատրի, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում երկրի շուրջ, նրանք կհասկանան իրենց: Այս մասին Փաշինյանը խոսել է նախորդ օրը, խորհրդարանում:

Ըստ վարչապետի՝ շատ ուժերի առանցքային նպատակն է, որ իշխանությունը կորցնի քաղաքացիների հետ զրույցի, խոսակցության թելը: Փաշինյանը շեշտել է, որ դա չպետք է թույլ տան: 

Նա իրենց ուժի ամենամեծ թերությունն ու ամենամեծ առավելությունը համարել է այն, որ իրենք ամենևին էլ «իշխող, կառավարող էլիտա» չեն, իրենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ են, որոնք կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից:

Փաստացի վարչապետի խոսքում, պոպուլիզմից զատ, գոյություն ունեն մի քանի ուշագրավ շերտեր:

Տարօրինակ է, երբ Փաշինյանը խոսում է իր իշխանության և հասարակության կոմունիկացիայի պրոբլեմների մասին՝ այն համատեքստում, երբ հեղափոխական թիմն անընդհատ թմբկահարում է սեփական լեգիտիմության և տիտղոսային ընդդիմության ինստիտուցիոնալ փոշիացման մասին:

Այս պարագայում՝ իշխանությանը հասարակության հետ կոմունիկացիայի հարցում կարող են խանգարել ոչ թե ընդդիմադիրները, ինչ-որ «մութ ուժեր», այլ՝ օրակարգի բացակայությունը, իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ոչ ադեկվատ վարքագիծը:

Ու, թերևս, անհասկանալի է, թե ումի՞ց կամ ինչի՞ց է բողոքում Փաշինյանը:

Վերջինիս մյուս պնդումը սեփական իշխանության «էլիտար» չլինելու մասին, մեղմ ասած, քննադատության չի դիմանում, որովհետև աշխարհի կայացած երկրներում արդյունավետ կառավարում իրականացնում են ոչ թե «միջին վիճակագրական քաղաքացիները», այլ հենց՝ էլիտաները:

Վահրամ Բագրատյան