Պեսկովը հերքել է տեղեկությունը, թե Թրամփի եւ Պուտինի միջեւ հեռախոսազրույց է եղել

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է մամուլի տեղեկությունը, թե Թրամփի եւ Պուտինի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Ավելի վաղ «The Washington Post»-ը, վկայակոչելով հեռախոսազանգից տեղյակ իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու նրա հետ քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։
«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, դա մաքուր հորինվածք է»։ Պեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև շփումների կոնկրետ պլաններ դեռ չկան, գրել են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվել էր նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել չէսկալացնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։ «Թրամփը հետաքրքրվածություն է հայտնել հետագա զրույցներ ունենալ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի շուտափույթ լուծման հարցը», - հավելել էին լրատվամիջոցի աղբյուրները։