Տուգանքի չափն էլ կավելանա՞

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 000 դրամից կդառնա 160 հազար դրամ, կենտրոնից դուրս՝ 24 000 դրամ։ Քաղաքացիների մոտ այս որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, ասում են՝ տրամաբանությունը չեն հասկանում։
Նույն ժամանակ վարորդների մոտ հարց է առաջանում՝ եթե նախկինում կայանումը տարեկան 12 հազար դրամ էր, իսկ չվճարելու տուգանքը՝ 5 հազար դրամ, ապա ի՞նչ պատկեր է ստացվում 160 հազարի դեպքում։ MediaHub-ը հարցի պատասխանը հստակեցրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից: Վերջինս նշեց, որ այս մասով որևէ փոփոխություն չկա, մեկ ժամի կայանման դիմաց 300 դրամը չվճարելու դեպքում տուգանքը շարունակում է 5 հազար դրամ մնալ։
«Տեղական տուրքի չվճարումը առաջացնում է տուգանք 5000 դրամի չափով»,- ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։
Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։
Երևան քաղաքի «Ա» գոտի յուրաքանչյուր 1 օրվա համար 2 000 դրամ, 1 շաբաթվա համար 5 000 դրամ, 1 ամսվա համար 18․000 դրամ, 1 տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) 160 000 դրամ: Երևան քաղաքի «Բ» գոտի յուրաքանչյուր 1 օրվա համար 1 000 դրամ, 1 շաբաթվա համար 2 000 դրամ, 1 ամսվա համար 4 000 դրամ, 1 տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 24 000 դրամ: Նշվում է, որ բացառություն կկազմեն բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքները։
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափելուն:
Լիաննա Թորոսյան