Այսօր պարզ կդառնա, թե այս «ցիրկը» ինչո՞ւ սարքեցին․ Կարապետ Պողոսյանի «լայվի գործով» վերջին նիստն է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր կեսօրին տեղի կունենա գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ Կարապետ Պողոսյանի «լայվի գործով» վերջին նիստը։ Նրա կինը՝ Անգին Մալխասյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հույսեր չունի, որ ամուսնու նկատմամբ քաղաքական հետապնդումներն այսօր կավարտվեն։
«Դատաքննության ընթացքում բոլոր տեսակի մեղադրանքները «պայթեցին», բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ չեն արդարացնի։ Այսօր ամբողջովին պարզ կդառնա, թե այս «ցիրկը» ինչի համար սարքեցին։ Ենթադրում եմ, որ ինչ որ մեղադրական որոշում կկայացնեն, չի բացառվում նաև արդարացումը»,- ասաց նա։
Նշենք, որ Պողոսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք: Ըստ մեր զրուցակցի՝ նախորդ ամիսներին տեղի ունեցած դատաքննության ընթացքում դատարանը խախտել է Կարապետ Պողոսյանի Սահմանադրական մի շարք իրավունքներ։ Նրան արգելվել է սոցիալական ցանցերով բոլոր տեսակի հրապարակումներ կատարելը։ Սակայն, կնոջ խոսքով՝ ո՛չ կալանքը, ո՛չ սահմանափակումները որևէ կերպ չեն կոտրել մի մարդու, ում համար հայրենիքից թանկ ոչինչ չկա։
«Ամուսնուս ամիսներ շարունակ մեղադրում են ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման համար, որտեղ «լայվի» ընթացքում չեն հնչել հայհոյանքներ, եղել են կոպիտ բառերի մեջբերումներ ու արտահայտություններ, որոնք վերցված են օրվա իշխանության խոսքերից»,- ընդգծեց նա։
Հունան Թադևոսյան