Արցախցիներն աջակցություն չեն ստանում, մի հատ էլ մեղադրվում են

Արցախցիներն աջակցություն չեն ստանում, մի հատ էլ մեղադրվում են

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ բռնի տեղահանված արցախցիները չեն ստանում պետական աջակցությունը՝ տարբեր պատճառաբանություններով։ 

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս նման ահազանգեր ստանում է հայրենակիցներից։

«Ես ամեն օր տասնյակ նման ահազանգեր եմ ստանում, արցախցիները անտրամաբանական պատճառներով մերժվում են, կամ ընտանիքի մի մասը ստանում է, իսկ մյուսը՝ ոչ։ Արդեն երկու ամիս մեկնաբանում են, իբրև, տեխնիկական խնդիրներ են։ Մի շատ ավելի լուրջ բան էլ կա, պատճառաբանում են, թե Կենտրոնական բանկն է այդ արգելքը դրել այն մարդկանց մասով, ում հաշվին 2 մլն դրամ է եղել մինչև հոկտեմբերի 5-ը ու նրանց մեջ շատ են սեպտեմբերի 19-ի կամ 20-ի զոհվածների ընտանիքները, կամ այն մայրերը, որոնք միայնակ են մնացել իրենց անչափահաս երեխաների հետ, որոնց հաշվին եղել է գումար և զոհվածի ընտանիքի մայրը անչափահաս 3-4 երեխաների հետ մենակ է մնացել: Ու այո՝ այդ երեխաները ևս չեն ստանում աջակցությունը։ Եվ երբ ներկայացնում ենք այդ խնդիրը, իրենք ասում են՝ «կարող եք կցագրել հորը», իսկ ինչպե՞ս կցագրել հորը, եթե զոհվել է, ու մայրը միայնակ է»,- ներկայացրեց Հակոբյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը նշեց, որ դեպքեր կան, որոնք վերաբերում են 2020թ․ պատերազմի զոհերին. կինը զոհված ամուսնու համար ստացած գումարը բանկում է պահել՝ մտածելով, որ ապագայում երեխային կտա, և այդ ընտանիքները ևս չեն ստանում աջակցություն։ 

«Խնդիրները շատ-շատ են, և յուրաքանչյուրի խնդիրը անհատական է, բայց որևէ մեկին առ այսօր լուծում չի տրվել»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս հարցը քննարկել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, Մետաքսե Հակոբյանը նշեց, որ հանդիպել են Սամվել Շահրամանյանին՝ Հադրութից հայրենակիցների հետ, որոնք 2020թ․-ից հետո սպասում էին, որ Արցախում տներ կառուցվեն և նրանք կվերադառնան Արցախ, իսկ այժմ վարձով են ապրում, շատերն էլ աշխատանք չունեն: Հակոբյանը նշեց, որ մնացած առումներով քննարկում չեն ունեցել նախագահի հետ։

Ինչ վերաբերում է ԱԺ նիստին, որն առաջիկայում պետք է գումարվի, մեր զրուցակիցը նշեց. «Գոյություն ունի ԱԺ աշխատելու ձևաչափ, որն անգամ այս պայմաններում էլ պարտավոր ենք պահել։ Իհարկե, այս պահին օրակարգային հարցեր չենք ունենում, քանի որ խախտված է բնականոն ընթացքը, բայց լինում են հարցեր, որոնց շուրջ արտահերթ նիստեր հրավիրելու պահանջ և կարիք է լինում։ Բայց ո՛չ օր դեռ կա նշանակված, ո՛չ էլ օրակարգ կա հստակեցված»:

Նաև մամուլում լուր էր շրջանառվում, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող որոշ մեքենաներ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, երբ արցախցիները հարկադրված տեղահանվում էին, մասնավորեցվել են, որ մարդիկ Հայաստան բերեն ոչ թե իրենց հնամաշ մեքենաները, այլ ՊԲ-ին սպասարկող ավելի թարմ ու սարքին մեքենաները: Ըստ մամուլի, իմաստը եղել է այն, որ սարքին մեքենաները չթողնվեն թշնամուն: Դա արվել է հստակ հրամաններով` արագացված կարգով, մի քանի ժամում տասնյակ մեքենաներ փաստաթղթավորվել են, հանձնվել մարդկանց, որոնք, տունուտեղը թողած, մի մեքենայով մազապուրծ հասել են Հայաստան: 

«Խնդիրն այսպիսին է։ Այն մեքենաները, որոնք տեղափոխվել են ՀՀ, ներկայացվել են Հայաստանի կառավարությանը և առաջարկվել է հանձնել ՀՀ կառավարությանը: Պատասխան է հնչել, որ դա պետք է քննարկվի, որոշում կայացվի, թե ինչ ձևաչափով, որից հետո առ այսօր իրենք չեն ընդունել և որևէ կերպ կարգավորում ՀՀ իշխանությունները չեն տվել, այդ մեքենաները մնացել են օդում կախված։ Արցախի կառավարությունը պատրաստակամ բերել-ներկայացրել է Հայաստանի իշխանություններին, բայց առ այսօր լուծում չեն տվել։ Մեկնաբանում են, իբրև թե իրենց անձնական կարիքների համար օգտագործում են և իբրև սեփականաշնորհում են մեքենաները, բայց իմ ունեցած տվյալներով՝ այդպիսի բան չկա: Արցախի իշխանություններն էլ ներկայացնում են, որ նման բան չկա, և ամեն վարկյան պատրաստակամ են հանձնել այդ մեքենաները, այդ առաջարկը մեր կողմից է եղել»,- շեշտեց Հակոբյանը։

Այսպիսով, ՀՀ կառավարությունը ոչ միայն չի շտապում արցախցիներին տրվող աջակցությունների հետ կապված բազմաթիվ խնդիրները լուծել, այլ նաև նոր խնդիր է առաջ քաշել՝ մեքենաները սեփականաշնորհելու համար...

Մարիաննա Արամյան