«Ամենաանվտանգ երկիր Հայաստանում» ամեն 10 գողությունից 7-ը մնում է չբացահայտված

«Ամենաանվտանգ երկիր Հայաստանում» ամեն 10 գողությունից 7-ը մնում է չբացահայտված

Վերջերս իշխանական լրատվամիջոցները հպարտորեն տարածեցին, որ համաձայն Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։ Այսինքն՝ ամենաանվտանգ երկրների առաջին տասնյակում է։ 

Մի կողմ թողնենք տվյալ ինդեքսի արժանահատավության աստիճանը, որը խիստ կասկածելի է։ Այստեղ կարևորը փաստերն են, որ աշխարհի ութերորդ ամենաանվտանգ երկրում ամեն օր մարդ են սպանում, գողություն են անում և հանցագործների մեծ մասը պատասխան չի տալիս։ Եվ սա՝ բացառապես մեր երկրի իրավապահ կառույցների անգործության, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի կամ, որ շատ ավելի վտանգավոր է, հենց հանցագործների հետ համագործակցության պատճառով։ 

Հայաստանում հանցավորության մակարդակը վերջին տարիներին այնքան է աճել, որ անգամ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը այս թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ այդ մասին խոստովանեց։ Բայց նաև արդարացիորեն դժգոհեց, որ ոստիկանությունն այստեղ շատ դեպքերում անզոր է, քանզի հանցագործին իրենք բռնում են, տալիս են քննչական մարմնի ձեռքը, ու վերջում քննչական մարմինը կամ դատարանը նրան ազատ են արձակում։ Արդյունքում մարդ սպանած կամ գողություն արած անձը նորից հայտնվում է հասարակության մեջ՝ դրանից բխող հետևանքներով։ 

Այն, որ ոստիկանությունն այստեղ անելիք շատ ունի, դա փաստ է, հատկապես, որ շատ դեպքերում կասկածներ կան, որ հենց ոստիկանության պաշտոնյաներն են, որ հովանավորում են այդ հանցագործներին կամ ներգրավված են հանցավոր շղթաների մեջ։ Բայց շատ ավելի մեծ անելիք ունեն այստեղ Քննչական կոմիտեն և դատարանները, որոնք ոստիկանների բացահայտած ու բերման ենթարկած հանցագործներին անհասկանալի տրամաբանությամբ ազատ են արձակում՝ չուղարկելով կալանքի։ Եվ դրանից շատ են դժգոհում հենց ոստիկանները, որ իրենց աշխատանքը ջուրն է լցվում։ 

MediaHub-ին դեպք պատմեցին, որ մեքենաների լուսարձակների, հայելիների և այլ մասերի գողության մեջ ներգրավված անձինք ոստիկանների կողմից բացահայտվելուց հետո պարբերաբար ազատ են արձակվում հենց քննիչների և դատավորների թեթև ձեռքով։ Եվ կասկած կա, որ այդ կողոպտիչները հովանավորվում են քննիչների, դատավորների, նաև բարձրաստիճան այլ պաշտոնայների, որոշ դեպքերում, ասում են, Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Ոստիկանությունն այս հարցում այն աստիճանի անզոր է դարձել, որ դեպքերից մեկով, երբ քաղաքացին դիմել է իրեն ծանոթ մի բարձրաստիճան պաշտոնյանի, որ բացահայտեն իր մեքենան պարբերաբար թալանող անձին, տվյալ բարձրաստիճան պաշտոնյան, որպես օգնություն, առաջարկել է կապ հաստատել գողություն կատարած անձի փաստաբանի հետ, որ իր մեքենայից գողացված դետալը իրեն կես գնով վաճառեն, քանի որ իրենք այդ անձին քանիցս բռնել են, ներկայացրել քննչական մարմնին, բայց քննիչները կամ դատարանը հետո ազատ են արձակել։ Եվ միակ բանը, որով տվյալ բարձրաստիճան ոստիկանը կարող է տուժածին բարեկամաբար օգնել, իրեն պատկանող ապրանքը կես գնով հետ վերադարձնելն է, քանզի այլ՝ իրավական ճանապարհով իրենք անզոր են պայքարել այս արատավոր երևույթի դեմ։ 

Որպեսզի պատկերը նաև վիճակագրորեն և թվերով պարզ լինի, թե ինչ վիճակ է այսօր Հայաստանում հանցավորության դեմ պայքարի գործում, MediaHub-ը դիմեց ՆԳն լրատվականին՝ խնդրելով տրամադրել վերջին մեկ տարվա տվյալները այս հարցի շուրջ։ Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե նշված ժամանակահատվածում գողության քանի՞ դեպք է արձանագրվել, և դրանցից քանի՞սն է բացահայտվել։ 
ՆԳՆ-ի տրամադրած պատկերը, հավատացեք, շատ մտահոգիչ է․

 «2024 թվականի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 5863 դեպք, որից բացահայտվել է ընդամենը 1899 կամ 32 տոկոսը»։ Այսինքն՝ այս տարվա ընթացքում գողությունների մոտ 70 տոկոսը չի բացահայտվել կամ ամեն տասը դեպքից յոթը չի բացահայտվում։ Այս ամենը բացառապես իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ, հանցագործների հետ ակնհայտ համագործակցության կամ իրենց ցուցաբերած անգործության հետևանք է, ուրիշ ոչինչ։ Այս մարդիկ պարզապես չեն ցանկանում, որ հանցագործները լինեն բանտում, նրանց համար նորմալ է, որ հանցագործը լինի ազատության մեջ, որ նորից հանցանք գործի։ Ու այսքանից հետո դեռ խոսում են, թե Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցուցակում 8-րդ հորիզոնականում է։ 

Վահե Մակարյան