Ախուրյանում ՔՊ-ն չի համակերպվում պարտությանը, քաղաքական հետապնդում է սկսվել համայնքապետի դեմ

Ախուրյանում ՔՊ-ն չի համակերպվում պարտությանը, քաղաքական հետապնդում է սկսվել համայնքապետի դեմ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում քաղաքական թեժ վիճակ է․ այս պահին ընդդիմություն համարվող ՔՊ-ն չի հաշտվում կարգավիճակին, ամեն քայլ անում է՝ հասնելու համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի հրաժարականին։

«Քաղաքական հետապնդումը շարունակվում է։ Ու դա այն պատճառով, որ ես դաշնակցական եմ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Իգիթյանը՝ հաստատելով մեր ունեցած տեղեկությունները, որ իր դեմ արշավ է սկսվել։

Հիշեցնենք, որ Ախուրյան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններն անցկացվեցին 2021-ի դեկտեմբերի հինգին։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մոտ 49 տոկոս քվե էր ստացել և չկարողացավ միայնակ իշխանություն ձևավորել։ Ընտրություններին մասնակցող մյուս երկու՝ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները կոալիցիա կազմեցին ու համայնքային իշխանությունը իրենց ձեռքը վերցրին։

Դրանից հետո ՔՊ-ն ամեն բան անում է, որպեզսի Իգիթյանին հեռացնի պաշտոնից։

«Ավագանու այս կազմով նիստեր գրեթե չենք անցկացրել։ Մեր ու ՔՊ-ի տարբերությունը մեկ մանդատ է, ու եթե մեզնից էլ մի հոգի ինչ-որ պատճառով չի ներկայանում նիստին, քվորում չենք կարողանում ապահովել ու նիստ չենք գումարում։ Երբեմն հենց ՔՊ-ն է խնդիր ստեղծում, որ ավագանու մեր խմբակցության անդամները չկարողանան նիստին մասնակցել․ նրանք տարբեր տեղերում են աշխատում, ու որտեղ ՔՊ-ական ղեկավար կա, նիստի օրերին արգելում է գալ համայնքապետարան»,- պատմեց Ախուրյանի արդեն 26 տարվա համայնքապետը։

Նշենք, որ հունիսի 16-ին Իգիթյանին անվստահություն հայտնելու նիստ էր հրավիրվել, որը չկայացավ․ նշանակված ժամին ավագանու ոչ մի անդամ չէր ներկայացել։ Նշենք, որ թե՛ ՔՊ-ն է անվստահություն հայտնել Իգիթյանին, թե՛ ավագանու մյուս երկու խմբակցություններն՝ առանձին-առանձին։

Բայց, քանի որ կոալիցիա ստեղծած դաշինքները կոալիցիայով են հանդես գալիս ու մեկ ձայնի առավելություն ունեն, ՔՊ-ն վախենում է այդ քայլն ամբողջապես իրագործելուց, քանի որ եթե կրկին հակառակորդ թիմից ընտրվի համայնքի ղեկավար, ապա մեկ տարի այլևս անվստահություն հայտնելու հնարավորություն չի լինի։

Եվ այժմ, նախքան հաջորդ արտահերթ նիստը, որը նախատեսված է անցկացնել հուլիսի 4-ին, ՔՊ-ն հերթական քայլն է անում․ անհնազանդություններ է սադրում Իգիթյանի որդու դեմ։ Վերջինս համայնքի հակակարկտային կայանների կառավարմամբ է զբաղվում, ու հիմա քաղաքացիների մոտ բունտ է հասունանում Իգիթյանի որդու դեմ՝ կայանների վատ աշխատելու պատրվակով։

«Հակակարկտային բոլոր կայաններն աշխատում են, միայն մեկը «զապչաստի» խնդիր ունի, որը դեռ չենք գտնում, դա էլ կսարքենք ու կշահագործվի։ Աշխատող էլ ունենք, որ ամենօրյա աշխատանքին հետևում է։ Կայաններն աշխատում են, դա հաստատ, իսկ արդյունավե՞տ են, դա այլ հարց է․ մեծ կարկտի դեմ փոքր-ինչ թույլ է այս կայանը»,- ասաց Արծրուն Իգիթյանը։

Բայց և այնպես, մեր տեղեկություններով՝ համայնքապետի որդուն ճնշելու փորձերը ՔՊ-ն ավելի է ակտիվացնելու, անհնազանդության ակցիաներ ևս հնարավոր է լինեն, որպեսզի Իգիթյանը զենքերը վայր դնի։ Այս պահին նաև իրավական գործընթաց սկսելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

Փաստացի՝ նույն սցենարը շարունակվում է, ինչ Վանաձորի, Բերդի, Տաթևի դեպքում, երբ ՔՊ-ն չի ընտրվել ու ամեն քայլ անում է՝ իշխանություն ստանալու համար։

Նարե Գնունի