Մեր հավատը բանակի հանդեպ կարդարանար, եթե չլիներ դավաճանությունն ու բանակի հանդեպ տոտալ անտարբերությունը

«Օրացույցի այս օրը մեր ընտանիքում առանձնահատուկ էր, քանի որ մեր տղամարդկանց մեծ մասը զինվորականներ էին։ Մեծ սեղան էինք դնում ու սկեսուրս պատրաստում էր արցախյան խոհանոցին հարիր ուտեստներ, նշում էինք ԶՈՒ կազմավորման տարեդարձը, փառք տալիս Աստծուն, որ չնայած դժվարություններին, մեզ պատուհասած պատերազմական փորձություններին, բոլորը տուն են եկել»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է արցախցի Անի Գրիգորյանը։
Գրիգորյան եղբայրները ծառայում էին Արցախի բանակի տարբեր զորամասերում, մասնակցել են բոլոր պատերազմներին։ Անիի ամուսնու եղբայրը՝ Սասուն Գրիգորյանն անգամ ծանր վիրավորում էր ստացել ավագ եղբոր՝ Մանվելի ծննդյան օր, սակայն, այդքանով հանդերձ, ընտանիքը չի հուսահատվել, գիտակցում էին՝ Արցախի փրկությունը զոհաբերություն էր պահանջում։ Հոկտեմբերի 29-ին այս ընտանիքը նշում է միաժամանակ և՛ Մանվելի ծննդյան, և՛ Սասունի վերածնման տոնը։
«2023-ը, ցավոք, մեզ քարսիրտ դարձրեց, ու հիմա բանակի անունը նախկին հպարտ ու խրոխտ ձայնով չենք կարող տալ։ Երբ քո բանակը քանդել են, երբ քո տան զինվորականները վառել են իրենց համազգեստները, շատ դժվար, միաժամանակ ցավալի է խոսել մի կառույցի մասին, երբ շուրջդ տեսնում ես քո անվտանգության երաշխավորի հանդեպ այս տոտալ անտարբերությունը, ծառայությունից խուսափողների թիվը»,-ասում է նա։
Անին նոր կազմավորված բանակի ականատեսն ու դրա հաղթական դրվագների կրողն էր, մեծացել է այն գիտակցումով, որ իր երկրամասի բանակը՝ լավագույնն է։ Մարտունակությունը ոչ թե չափվում էր զինանոցում ունեցած հնարավորություններով, այլ զինվորների ու սպաների ոգով։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ 2023-ից հետո, երբ կազմաքանդվեց Արցախի բանակը, դրանով ջարդվեց հայկական զինուժի ողնաշարը։
«Մեր հավատը բանակի հանդեպ կարդարանար, եթե չլիներ դավաճանությունը։ Աննկարագրելի, նույնիսկ անհավանական սխրագործություններ են արել մեր տղաները, որոնք այդպես էլ մնացին պատմության լուսանցքում, քանի որ բանակի արժեզրկման գործընթացը դեռ չի ավարտվել։ Չեմ ուզում հույսս կորցնել, վստահ եմ, որ կվերականգնվի զինուժի հանդեպ հավատն ու հայ սպայի պատիվը, իսկ բանակում չծառայելը կլինի ամոթ, ծառայելը՝ նորից պատվի հարց»,-հավելեց Անին։
Հունան Թադևոսյան