«Բաժակ» նայելու փոխարեն ՔՊ-ն պետք է զինի հայկական բանակը

«Բաժակ» նայելու փոխարեն ՔՊ-ն պետք է զինի հայկական բանակը

Պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ից մեր սպասելիքներն արդարանալո՞ւ են, թե՝ ոչ, եւ ըստ դրա անել հետեւություններ: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը:

Մինչև ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հասկանա՝ արդյոք ՀԱՊԿ-ն օգնելու է, թե ոչ, թուրք-ադրբեջանական զորքերը կարող են հայտնվել Երևանի մատույցներում և կտրեն Սյունիքը՝ միանալով Թուրքիային: 

«Բաժակ» նայելու փոխարեն ՔՊ-ն պետք է հայկական բանակը զինի ցանկացած գնով, գումարները չուղղելով պարգևավճարներին, այլ ՀՕՊ համակարգեր գնելով: 

Այս պահին Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի և մի շարք այլ կենտրոնների ու ամենակարևորը՝ հայոց բանակի հերոսական պայքարի արդյունքում սահմաններին հարաբերական անդորր է, այդ “թայմաութը” պետք է օգտագործել զինվելու, ռազմական դրություն հայտարարելու համար, այլ ոչ թե սպասելու ՀԱՊԿ-ին: 

ՀԱՊԿ-ը ո՛չ 2016թ.-ին եկավ ՀՀ-ին ու Արցախին օգնության, ո՛չ 2020թ.-ին, սակայն դա չպետք է նշանակի, որ պետք է նստել և սպասել թուրք-ադրբեջանական նոր, ավելի հզոր հարձակման:

ՔՊ-ականների կրավորական պահվածքը խոսում է այն մասին, որ նրանք կա՛մ չեն կարողանում հակադրվել գերտերություններին կամ այն ուժերին, որոնց «պարտական» են 2018թ.-ից փողոցից իշխանության գալու համար, կա՛մ չեն կարողանում կառավարել երկիրը պատերազմական վիճակում՝ չունենալով դրա փորձն ու գիտելիքը: Այս պարագայում հանուն Հայաստանի ու Արցախի, հազարավոր հայ զինվորների ու ապագա սերունդների նրանք պետք է հրաժարական տան՝ տեղը զիջելով կարող ուժերի:

Եթե ՔՊ-ն պատրաստվում է երկիրը տանել 44-օրյա պատերազմի ճանապարհով և գիշերով նոր կապիտուլյացիա ստորագրել, ապա այդ կապիտուլյացիան՝ Սյունիքի հաշվին, արդեն նշանակելու է հայոց պետականության վախճան:

Վահրամ Բագրատյան