Ե՞րբ Մայր տաճարը կընդունի հավատավորներին, ի՞նչ վիճակ է այժմ Աստծո տանը

Սարսուռ, մեծ պատասխանատվություն և պատմամշակութային բարձրագույն արժեքը լավագույնս ներկայացնելու կուռ կամք․ Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանն անկեղծանում է՝ այսպիսի զգացողություն է ունեցել ընդունելով քրիստոնեական ճարտարապետության ակունքը վերակառուցելու առաջարկը։

Արդեն չորս տարի՝ 2018 թվականից սկսած, մասնագիտական մեծ խումբն օրնիբուն աշխատում է, որպեսզի Մայր տաճարը հնարավորինս շուտ դռները բացի հավատավորների առջև։ Ըստ Բադիշյանի՝ վերջին շտրիխներն են մնացել։

Մայր տաճարի, դրա գմբեթի վերականգնման աշխատանքների ընթացքը մասնագետների համար նաև բացահայտումների շրջան է եղել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Աստծո տունը հոգևոր արժեքներից բացի խտացրել ու արտահայտել է նաև հայոց մշակույթը։ Սա է, թերևս, պառճառը, որ մասնագետներն ամեն քար ու դետալի հետ աշխատելիս, հատուկ հոգատարություն են ցուցաբերում։

2023 թվականին նշվելու է Մայր տաճարի 1720 ամյակը, և Մայր Աթոռի ծառայողները հույս են հայտնում, որ այն վերաբացված Տաճարում է նշվելու։ 303 թվականին կառուցված տաճարի նորոգման բուն աշխատանքներից առաջ տեղի են ունեցել ուսումնասիրության ու նախագծման աշխատանքներ, որոնք մեկնարկել են 2012 թվականին։ Շինարարական աշխատանքը սկսվել է 2018-ի ամռանը։

Վերջին անգամ Էջմիածնի Մայր տաճարը հիմնանորոգվել էր 1954-58 թվականներին։