ԼՂ-ն վարին տվեցին, հիմա եկել են Հայաստանը վարին տան, հերիք չեղա՞վ․ Պապոյան

Տեսա՞ք՝ ով ա իրական դավաճանը, տեսա՞ք՝  ով գնաց կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեց։ Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ստորագրել, ոչ թե Սամվել Շահրամանյանը, որովհետև իրենք էին թռչկոտում Երևանում այն երևույթից, որը տեղի էր ունենում Արցախում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Իրենք գնան, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն, ԼՂ-ի բանակը լուծարեն զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ-ի ԱԺ-ն լուծերեն, գան ՀՀ ու ԼՂ ԱԺ-ի նիստ անե՞։ Սա ՀՀ-ի դեմ ռումբ ա, սա անթույլատրելի ա, չի կարելի պաթոսախառը բաներով ՀՀ-ի դեմ գործողություններ անել, հետևաբար, եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, ապա իրենց խորհուրդ եմ տալիս  խելքի գալ, եթե դավաճանական գործողություն է, ապա այն կբացահայտվի»,-նշեց Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ ամեն օր փորձեր են արվում ՀՀ-ի տակ ռումբ դնելու, բայց ըստ նրա՝ այն պետք է իր համապատասխան արձագանքը ստանա․ «Ամենակարևորը ՀՀ-ն է, մեր եռագույնն է»։

Պատգամավորի համար անհասկանալի է, որ ՀՀ-ում Արցախի ԱԺ-ն նիստեր է անցկացնում։

«Չես կարա գնաս լուծարես, հետո գաս, Հայաստանում նիստ անես։ Նա ով Հայաստանի Հանրապետության դեմ ինչ-որ գործողություն է անում, իմ անձնական թշնամին է»,- նշեց Պապոյանը։

MediaHub-ի դիտարկմանը, որ արցախցի պատգամավորներն իրենց աշխատանքը մեկնաբանում են այնպես, որ միջազգային հանրության մոտ ուզում են բարձրաձայնել արցախցիների խնդիրները, անկախության հարցը վերջինս պատասխանեց․ «Միջազգային հարթակներում անկախության հարցը բարձրաձայնելու համար պետք չէր գնալ ու լուծարել երկիրը։ 30 տարի երբ ՀՀ քաղաքացին իր խնդիրների մասին էր խոսում, ասում էին՝ «դե, ժողովուրդ ջան, Արցախի համար զենք ենք առնում, Արցախի համար ենք անում»»։

«30 տարի կոպեկ-կոպեկ հավաքածը տարան, տվեցին Ադրբեջանին։ ԼՂ-ն վարին տվեցին, հիմա եկել են Հայաստանը վարին տան, հերիք չեղա՞վ։ ԼՂ-ի գլուխը կերան, պիտի թույլ չտանք, որ Հայաստանի գլուխն էլ ուտեն»,- ընդգծեց նա։ 

Պապոյանը տվեց Սերժ Սարգայանի, Ռոբերտ Քոչարյանի, Հայկ Մամիջանյանի և Սեյրան Օհանյանի անունները, որոնք շատ ոգևորված էին Շահրամանյանի նշանակմամբ։ 

Մանրամասները՝ տեսանյութում