Անորոշության 3 տարի. Իրինան 2020 թվականից անհետ կորած է համարվում

Անորոշության 3 տարի. Իրինան 2020 թվականից անհետ կորած է համարվում

Մուսայելյանների ընտանիքն անորոշության մեջ է արդեն 3 տարի: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած 41-ամյա Իրինա Մուսայելյանի մասին ընտանիքի անդամներն առ այսօր հստակ տեղեկություններ չունեն:

Իրինան Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից էր, ծառայում էր Մարտակերտի զորամասերից մեկի գաղտնի մասում: Նա հղի էր, երբ արցախյան առաջին ազատամարտում զոհվեց ամուսինը:

Ծննդաբերելուց հետո որդուն կոչել է ամուսնու՝ Վաղինակի անունով: Վերջինիս կինը՝ Քրիստինե Մուսայելյանը, MediaHub-ին պատմում է, որ սկսեսուրը չափազանց նվիրված կին էր, հոգատար ու սիրալիր: 44-օրյա պատերազմից հետո իրենք ուշքի չեն գալիս։

«Մենք Խնկավանում էինք, երբ սկսվեց պատերազմը: Սկեսուրս զանգեց, որ իմանա մեր որպիսությունը, բայց մենք ամենաշատն իր մասին էինք մտածում: Վաղինակն ուզում էր գնար նրա հետևից, ինքը չցանկացավ, քանի որ թշնամին կրակում էր անգամ ճանապարհներին, մեքենաներին, ասաց՝ «ես ծառայող եմ և պետք եմ այստեղ, դուք ուշադի՛ր եղեք ու երեխաների մասին հո՛գ տարեք»»,- հիշում է Քրիստինեն:

Իրինան Մարտակերտից հասել է Դրմբոն, միացել իր համածառայակիցներին ու նրանց հետ էլ գնացել Թալիշի ուղղություն: Քրիստինեն, որ Թալիշից է հարս եկել, ասում է, որ իր ծնողները գյուղը լքելիս տեսել են Իրինային, դրանից հետո ոչ մի կապ չի հաստատվել վերջինիս հետ: Մեր զրուցակցի խոսքով, նա ՊԲ-ում այնպիսի պաշտոն է զբաղեցրել, որ իրավունք չունեին նրան դիրքեր տանելու, առավել ևս՝ մարտավարություն իրականացնելու:

«Պատերազմի դաշտից մենք ստանում էինք ամենավատ լուրերը: Հետո տեղեկացանք Թալիշի ու Մատաղիսի անկման մասին: Իր հետ եղած մարտական ընկերներից նաև զոհվել են, բայց Իրինայի մասին տեղեկությունները մինչ օրս հստակ չեն: Մեկն ասաց մեջքից վիրավորվել է, մյուսն ասում է՝ թշնամին տանկով անցել է վրայով, նա մահացել է, մեկ այլ հոգի ընդհանրապես ուրիշ տեղեկություն է տալիս, թե իբր այդ ուղղությունից ադրբեջանցիները գերիներ են տարել: Ոչ մի դատաբժշկական փորձաքննության թեստ այստեղ չի նույնականացվել, որոնողական աշխատանքներում չի հայտնաբերվել: Հիմա չգիտենք՝ էլ ում դիմենք»,- ասաց Իրինայի հարսը: 

Մուսայելյանների ընտանիքն Իրինայի որոնումների համար դիմել է միջազգային մարդասիրական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին. ոչ մի լուր: «Հայաստան վերադարձած գերիների հետ ենք հանդիպել: Մեզ ասացին, որ իրենց խցերում կին չի եղել, բայց հաճախ են այլ խցերից կնոջ լացի ձայներ լսել: Ի՞նչ իմանամ, գուցե տանջամահ են արել, կամ միգուցե գերության մեջ դեռ ողջ է: Փետրվարին կդառնա 45 տարեկան: Գուցե մի հրաշք կատարվի, սպասումից արդեն խելագարվում ենք»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հունան Թադևոսյան