Ուրացում 

Ուրացում 

Հայաստանի իշխանությունները՝ ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի և ո՛չ էլ Ազգային ժողովի նախագահի մակարդակով, երեկ որևէ բառ չեն ասել Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իր կառավարման առաջին հինգ տարիներին Փաշինյանը տարբեր շեշտադրումներով անդրադարձել է պատմական օրվան, դրա խորհրդին: Սկզբում՝ բոցաշունչ արտահայտություններով, պատերազմից հետո՝ ավելի երկչոտ, այսպես ասած՝ պացիֆիստական շեշտադրումներով:

88-ի շարժման քաղաքակրթական հենքի վրա է ձևավորվել Երրորդ հանրապետությունը, ու Փաշինյանի երեկվա լռությունը հուշում է, որ նա մեր պետականության դելեգիտիմացման ճանապարհին է Ադրբեջանի դիրքորոշումների հետևանքով: Ի՞նչ աղետի կարող է բերել այս քաղաքականությունը, դժվար չէ կանխատեսել:

Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունը հետևողականորեն խուսափում է Արցախի հետ կապված ցանկացած իրադարձության արժևորումից, ու սա է Փաշինյանի «լռության» մյուս մոտիվը:

Երբ պարբերաբար պնդում ենք, թե Բաքվի պահանջով Հայաստանի ներքաղաքական դիսկուրսից շուտով անհետանալու է ԼՂ-ի հետ կապված ցանկացած քննարկում, նկատի ունենք հենց այս իրավիճակը:

Խնդիրն ավելի խորքային է: Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն նման զարհուրելի իրավիճակ չէր ենթադրում. մենք դրան հասանք Փաշինյանի հետպատերազմյան ապաշնորհ քաղաքականության հետևանքով: Սկզբում զոհաբերվեց Արցախը, հիմա հասարակության սեղանին դրված է Հայաստանի ճակատագիրը:

Վահրամ Բագրատյան