8-10 տարի և մի քանի միլիարդ դոլար. Սանոսյանը՝ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին

8-10 տարի և մի քանի միլիարդ դոլար. Սանոսյանը՝ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին

Մեծամորի ատոմակայանը մինչև 2026 թ․ աշխատելու թույլտվություն ունի, և մենք հիմա աշխատում ենք, փաստաթղթերն ենք պատրաստում, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որպեսզի այն մինչև 2036 թ․ շահագործելու թույլտվություն ստանանք, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով վերջերս Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ֏ դրա նպատակների մասին։

Նախարար նշեց, որ նոր ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ է 8-10 տարի և արդեն ժամանակն է որոշելու նոր էներգաբլոկի հետ կապված որոշ հարցեր, ինչպիսիք են՝ հզորությունը, ֆինանսական մոդելը և այլն։ «Այցը պետք է բավական արդյունավետ գնահատեմ, բավական հարցերի պատասխան ստացանք։ Բավական տեխնոլոգիական լուծումների ծանոթացանք, որոնք էլ, կարծում ենք, մեր հետագա որոշումներում մեզ կօգնեն»,– ասաց նա։

Հարցին, թե մոտավոր հաշվարկ, թե Հայաստանին ինչ հզորության ատոմակայան է անհրաժեշտ և որքան դա կարժենա, նախարարն ասաց, որ մի քանի տարբերակ կա՝ 1200 մեգավատ, 1000 մեգավատ կամ երկու հատ 1000 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել։ Ըստ նրա՝ տեսակետ կա, որ այս հզորությամբ ատոմակայանի արտադրած էներգիան շատ ավելին է, քան Հայաստանի կարիքներն են, սակայն, ըստ նախարարի՝ կառավարությունը երկարաժամկետ կտրվածքով է նայում խնդրին և համոզված է, որ ավել արտադրված էներգիան և՛ սպառում կունենա, և՛ կնպաստի ավելի էժան ինքնարժեքով էներգիա ստանալուն։

Գնել Սանոսյանը նաև նշել է, որ նոր ատոմակայանի կառուցման նախնական վայր է դիտարկվում գործող ատոմակայանի հարակից տարածքը՝ երկու պատճառով․ մոտ 80 հեկտար տարածք է հարկավոր նոր ատոմակայանի կառուցման համար, իսկ այնտեղ կա 200 հեկտար ազատ տարածք։ Նաև գործող ատոմակայանում արդեն կան որոշ ենթակառուցվածքներ, որոնք կրկին կառուցել պետք չի լինի և այդպիսով նաև որոշակի հավելյալ ծախսերից կխուսափեն։ Նախարարը շեշտեց, որ որևէ հարցում դեռ վերջնական որոշում չկա։

Պատասխանելով հարցին, թե որքան կարժենա նոր ատոմակայանը՝ նախարարը նշեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ դրա արժեքը կարող է փոխվել տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հզորություն, տեղ, սեյսմիկ անվտանգության խնդիր և այլն։ Այդուհանդերձ, նրա խոսքով, այն մի քանի միլիարդ դոլար կարժենա։ Գնել Սանոսյանը հավելեց, որ այդ թվերից պետք չէ վախենալ, քանի որ մի քանի տարում են արվելու այդ ծախսերը։