Չորրորդ օրն է, ինչ լքել ենք Փասադենա քաղաքը․ Աստծուն փառք ենք տալիս, որ ողջ ենք մնացել

Չորրորդ օրն է, ինչ լքել ենք Փասադենա քաղաքը․ Աստծուն փառք ենք տալիս, որ ողջ ենք մնացել

25 զոհ, 23 անհետ կորած, հարյուր հազարից ավելի տարհանված բնակիչներ, միլիարդների հասնող անհաշվելի նյութական կորուստներ․ սրանք Կալիֆորնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների վերջին տվյալներն են, որ MediaHub-ին փոխանցեց լոսանջելեսաբնակ Լիլիա Ծատուրյանը։ 

Նրա խոսքով՝ հրդեհային իրավիճակը հարավային Կալիֆորնիայում դեռևս շարունակվում է։ Հրշեջներն ու կամավորները, նահանգային ու քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են կրակը մեկուսացնելու համար, քանի որ հիդրոօդերևութաբանները փոթորիկներ են կանխատեսել։ 

«Ծանր շաբաթ ունեցանք։ Արդեն մեկ շաբաթ է քուն ու դադար չունենք ու դեռ  շարունակում ենք բախվել արտակարգ նոր իրավիճակների․ խմելու ջուրը թունավորված է, օդը խայտառակ աղտոտված, ժամանակ առ ժամանակ հոսանքն անջատվում է, իսկ եղանակային ծայրահեղ պայմանները նպաստում են կրակի արագ տարածմանը։ Ամբողջ թաղամասեր են մոխրացել, մարդկանց մեծ մասը, այդ թվում մեր հայրենակիցները նյութական մեծ կորուստներ են կրել։ Կրակը նորից մոլեգնում է անտառներում, այս պահին 4 խոշոր օջախ կա։ Հավանական է՝ այն նորից հասնի գյուղեր ու քաղաքներ»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել են 2-րդ մակարդակի։ Նահանգն ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել է մեկ շաբաթ շարունակ խաղաղ կյանքը դժոխք դարձրած կրակի դեմ: 

«Այսօր 4-րդ գիշերն է, ինչ մենք լքել ենք Փասադենա քաղաքը։ Այնտեղ տարրական ապրուստի պայմաններ չկան։ Բայց փառք ենք տալիս Աստծուն, որ ողջ ենք»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան