Լավ կլինի՝ ՔՊ-ականներն իրենց քվեարկած օրենքները մեկ-մեկ կարդան, որ գոնե բառերը ճիշտ օգտագործեն․ Հայկուհի Հարությունյան 

Լավ կլինի՝ ՔՊ-ականներն իրենց քվեարկած օրենքները մեկ-մեկ կարդան, որ գոնե բառերը ճիշտ օգտագործեն․ Հայկուհի Հարությունյան 

Երեկ Ազգային ժողովում ՔՊ-ականները բացահայտ դեմարշով մերժեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին ընտրել ԿԿՀ անդամ։

ՔՊ-ականների՝ տեղ-տեղ լկտի և արհամարհական վերաբերմունքը ավելի շատ մանր «աբիժնիկություն» էր հիշեցնում, քանզի նրանցից ոմանց նկատմամբ Հայկուհի Հարությունյանը իրավական գործընթաց էր նախաձեռնել՝ կոռուպցիոն դրսևորումներ ու շահերի բախում հայտնաբերելով ՔՊ-ականների ներկայացրած հայտարարագրերում։ 

Օրինակ՝ Արսեն Թորոսյանի ու նրա կնոջ, ու դա էր պատճառը, որ Թորոսյանն իր ելույթում անգամ սպառնաց Հայկուհուն, որ նրա հետ կհանդիպի դատարանում։

Հայկուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախ պետք է մարսի ՔՊ-ականների պահվածքը, որից հետո կտա իր գնահատականը։ Բայց մի քանի բան, ամեն դեպքում, ասաց։

Մասնավորապես նշեց, որ սպասելի չէր ՔՊ-ականների այսօրինակ վերաբերմունքն իր նկատմամբ։

«Որովհետև, թեև իմ խոսքը, որ էդպես հիշատակելով նախկին չորս տարվա իմ պատրաստակամության մոտիվները՝ էս պատասխանատվությունը ստանձնելու, իրենց մոտ վրդովմունք առաջացրեց, բայց ես իսկապես վստահ էի, որ արժեքների ու իսկապես սկզբունքային հարցերի շուրջ չնահանջող թիմը, եթե կարելի է էդպես անվանեմ, կպահպանի նույն կեցվածքը։ Ու կուզեմ նաև ընդգծված ասել, որ սա բացարձակապես իրենց «վերարտադրած» շանտաժի կամ այլ տեսակի՝ իմ կողմից սպառնալիքի մասին չէ, այլ էս էն համախոհության մասին է նաև, որի մասին ես իմ խոսքում էլի նշեցի, որ ես վստահ եմ, որ էդ համախոհությունն իսկապես իմ ջանքերը կուղղի էդ արատավոր երևույթի դեմ պայքարին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Հայկուհի Հարությունյանը։

 -Ինչո՞վ էիք Ձեր աշխատանքի ընթացքում ցավեցրել ՔՊ-ականներին, որ այդպես ծանր տարան Ձեր թեկնածության առաջադրումը։
 -Չգիտեմ, ես էլ կուզենայի, որ իրենք ավելի պարզ ներկայացնեին, ոչ թե էպիզոդիկ, կիսատ-պռատ, որևէ ձևով նաև փաստերի մակարդակում իրականության հետ չհամապատասխանող տեղեկությունները, այլ կոնկրետ ինստիտուցիոնալ առումով ասեին, թե ինչն է խնդիրը։ Բայց ես կարող եմ վստահ ասել, որ ինստիտուցիոնալ առումով իսկապես Հանձնաժողովը բացեր չի ունեցել, որոնք ենթադրվում էր, որ պիտի իրենք իմանային և ներկայացնեին։ Մինչև Ազգային ժողով գնալը ամբողջ էդ գործունեությունը ֆիլտրված է եղել տարբեր տեսակի գնահատման, տեղական և միջազգային զեկույցներով։

-Ձեր կարծիքով՝ սա թելադրվա՞ծ էր գործադիր իշխանության ղեկավարի՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ 
-Այդ քաղաքական հատվածները, որոնք ինձ համար նաև իմ կարողության կամ փորձառության տարածքից դուրս են, չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել։ Ես կարող եմ հստակ ընդգծված ասել, որ գործադիրի՝ թեև որոշ անձանց, այդ թվում՝ նույն Ազգային ժողովում հարց տվողների վրդովմունքն առաջացրեց, նույնիսկ անթաքույց իրենք դրա մասին արտահայտվեցին, թե «ի՞նչ նկատի ունեք գործադիր ասելով»՝ չհասկանալով, որ իշխանությունների բաժանման սկզբունքի տեսանկյունից մեր գործունեությունը քաղաքականության տեսանկյունից ամենաշատ աջակցություն և բովանդակություն ստացել է հենց գործադիրի կողմից։

-Ձեզ համառորեն փորձում էին քաղաքականացնել՝ տեղափոխելով ընդդիմության դաշտ ու ներկայացնելով որպես ընդդիմության թեկկնածու։ Ու, թերևս, դրա համար էլ ընդդիմադիր խմբակցությունները ևս չմասնակցեցին քվեարկությանը։ 
-Այո, երբ պրոֆեսիոնալ հարթությունում և անձնական տիրույթում սպառվեցին բոլոր հնարավորությունները՝ ինձ բացասական լույսի ներքո ներկայացնելու, իրենք օգտագործեցին նաև իրենց քաղաքական գործիքը՝ փորձելով ինձ նույնականացնել ընդդիմության հետ, որպեսզի իմ թեկնածության նկատմամբ արտահայտած իրենց վերաբերմունքն արդարացված լինի առնվազն ՀՀ այն քաղաքացիների աչքերում, որոնք իրենց օգտին քվե են տվել։ Բայց դա էլ չստացվեց, որովհետև ես իսկապես պնդեցի, որ ես ապաքաղաքական եմ։ 

-Ի դեպ, ՔՊ-ից Արսեն Թորոսյանն իր ելույթում անգամ սպառնաց Ձեզ, որ կհանդիպեք դատարանում։ 
-Ես շատ ուրախ կլինեմ վերջապես հանդիպել իր հետ դատարանում և գործի այն ամբողջ նյութերը, որոնք ի պաշտոնե, նախկինում իմ կայացրած որոշման և իմ քվեարկության համար հիմք են հանդիսացել մանրամասն, արդեն հրապարակային դատական նիստով ներկայացնել։ Եւ այդ հարցերի պատասխանը ես չէ, որ պիտի տամ, այդ հարցերի պատասխանը պիտի տա պարոն Թորոսյանը։ 

-Իսկ չորս տարի առաջ Ձեզ առաջադրած կուսակցությունից՝ «Լուսավոր Հայաստանից» հրապարակային կամ զանգի տեսքով որևէ մարդկային, բարոյական տիրույթում աջակցություն ստացե՞լ եք։
 -Ֆեյսբուքում գրառում էր արել տիկին Սամսոնյանը, և տարբեր անձանց կողմից, որոնք նույնսիկ այդ կուսակցության հետ այլևս սերտ հարաբերություններ չունեն, բոլորը արդեն որպես քաղաքացիներ՝ վերաբերմունք ու նաև համոզմունք հայտնել են, որ իրենց առաջադրած թեկնածուն իսկապես արդարացրել է իրենց հույսերը։ 

-Իսկ անձամբ Էդմոն Մարուքյանի կողմից զանգ, աջակցություն եղե՞լ է։ 
-Զանգի տեսանկյունից՝ խոսել ենք, այո։ Ես բացարձակ թաքցնելու որևէ բան չունեմ, բնականաբար մենք վաղուց ենք իրար ճանաչում, հետևաբար նաև այդ հարաբերության հաշվին իրար հետ խոսելու որևէ բան չունենք։ Եւ տեղի ունեցածը անսպասելի էր նաև իր համար։ 

-Լավ, եթե մեկ բառով գնահատելու լինեք, ինչպե՞ս կգնահատեք ՔՊ-ականների այդ պահվածքը։ 
-Անթույլատրելի, բոլոր առումներով անթույլատրելի։ Մինչև որոշ մարդիկ իրենց լիազորություն վերապահեն՝ այլ անձանց քաղաքական հասունությունը ստուգելու, լավ կլինի ուղղակի իրենց քվեարկած օրենքները գոնե մեկ-մեկ՝ ոչ միշտ, կարդան, թե ինչի վերաբերյալ են իրենք քվեարկել, որ գոնե բառերը ճիշտ օգտագործեն։ 

-Միայն կարդալը բավարա՞ր է, թե՞ ցանկալի է նաև հասկանան կարդացածը։ 
-Երկուսն էլ։ Լավ կլինի քվեարկելուց առաջ առնվազն կարդան և անպայման հասկանան։

Վահե Մակարյան